Գլխավոր / Армения / Հայաստանում վերջին անկախ հեռուստալիքը եթերազրկման վտանգի տակ է

Հայաստանում վերջին անկախ հեռուստալիքը եթերազրկման վտանգի տակ է

Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը որևէ առանձնահատուկ ակնկալիք չունի Գյումրիի «Գալա» և «Ցայգ» հեռուստաալիքների մրցույթի վերաբերյալ, քանի որ կարծում է, որ «Ամալյան Գրիգորի հանձնաժողովը մնում է Ամալյան Գրիգորի հանձնաժողով»:

«Իհարկե, վտանգ կա, որ «Գալա» հեռուստաալիքին կարող են զրկել հաճախականությունից, ռիսկ իսկապես կա, դա նորություն չէ»,- Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է Լևոն Բարսեղյանը:

Լևոն Բարսեղյանը նաև անդրադարձել է հեռուստաալիքների մրցույթի ամբողջ ընթացքին:

«Այս փուլում ես ձեռնպահ եմ մնում որևէ կարծիք հայտնելուց այս կամ այն հեռուստաալիքի ծրագրի վերաբերյալ, քանի որ կարծում եմ, որ ցանկացած կարծիք կարող է շահարկվել ամալյանական հանձնաժողովի կողմից: Ու ասեմ, որ հենց այդ նպատակով չեմ ծանոթացել որևէ հեռուստաալիքի ծրագրին»,- մեզ հետ զրույցում ասել է Լևոն Բարսեղյանը:

Նրա կարծիքով` հեռուստաալիքների հեռարձակման ավանդական ձևը սկսում է իր դարն ապրել, և ժամանակն է նոր ձևեր մտածել, երբ «երկիրը շարունակում է մնալ այս ռեժիմի ձեռքերում»:

«Օրինակ Ա1+»-ն ինչու չխեղճացավ. քանի որ սկսեց մտածել նոր ձևերի մասին` ինտերնետային կայք, հիմա էլ արդեն ինտերնետային հեռուստատեսության փորձ է արվում»,- ասել է մեր զրուցակիցը:

Անդրադառնալով մասնավորապես մարզային հեռուստաընկերություններին` Լևոն Բարսեղյանը նշել է, որ շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե մրցույթների ժամանակ մարզային ալիքները միավորվեին և «մի ճակատով պայքարեին այս իշխանությունների դեմ»:

«Սակայն այդպես չեղավ, քանի որ, կարծում եմ` իշխանությունները այս կամ այն ձևով ազդեցին, և այսօր արդեն օրինակ Լոռվա մարզի 5 հեռուստալաիքներ ինքնակամ հրաժարվել են մասնակցել մրցույթին, ինչը շատ ցավալի է»,- ասել է նա:

Լևոն Բարսեղյանը մեկ այլ` շատ ավելի կարևոր խնդիր էլ է տեսնում, ինչը վերաբերում է, իր խոսքերով, «ռեժիմի կողմից ինտերնետը վերահսկելու փորձերին»:

«Հավատացեք, սա շատ ավելի մեծ խնդիր է, քան որևէ հեռուստաալիքի եթերազրկումը: Մենք չպետք է թույլ տանք, որ Սերժիկ Սարգսյանը և Ամալյանը փորձեն վերահսկել նաև ինտերնետը: Իսկ այն, որ նրանք քնած չեն, և մտածում են այդ ուղղությամբ, հաստատ է»,- ասել է մեր զրուցակիցը:

Epress.am-ը զրուցել է նաև «Գալա» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանի հետ, ով նույնպես կարծիք է հայտնել, որ «Գալա»-ին եթերազրկելու մեծ վտանգ կա:

«Իմ սուբյեկտիվ կարծիքով` այս մրցույթի ժամանակ էլ հանձնածողովը իշխանական պատվեր է կատարելու: Երբ ամբողջ աշխարհում թվայնացման հետևանքով ավելանում են հեռուստաալիքների թիվը, Հայաստանում դրանք կրճատվում են: Ի՞նչ է նշանակում ամբողջ Շիրակի մարզի համար տրամադրել մեկ հաճախականություն»,- նշել է Կարինե Հարությունյանը:

Tekali Taxi