Home / Армения / Գերմանիայի հավաքականի դարպասապահի մահը քիչ բան փոխեց պրոֆեսիոնալ սպորտում

Գերմանիայի հավաքականի դարպասապահի մահը քիչ բան փոխեց պրոֆեսիոնալ սպորտում

Գերմանիայի հավաքականի դարպասապահ Ռոբերտ Էնկեի ուղիղ մեկ տարի առաջ գրանցված ողբերգական մահը շատ քիչ բան է փոխել դաժան պրոֆեսիոնալ սպորտի աշխարհում: Նման եզրակացության են գալիս եվրոպացի վերլուծաբանները՝ հիշելով 2009 թվականի նոյեմբերի 10-ի իրադարձությունները, երբ «Հանովեր 96»-ի դարպասապահը ինքնասպանություն գործեց՝ իրեն նետելով գնացքի տակ:

Ինքնասպանությունը գործելու պահին Էնկեն ընդամենը 32 տարեկան էր: Դարպասապահի մահվան հաջորդ օրը Էնկեի կինը՝ Թերեզան, ներկայացավ ասուլիսին և լացելով պատմեց, որ իր ամուսինը հաճախ էր ընկճախտի մեջ ընկնում դեռևս 2003 թվականից սկսած: Այսօր Էնկեին հիշելու են թե երկրպագուները, թե գերմանական ֆուտբոլի ղեկավարները, այդ թվում՝ հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը, ովքեր այցելելու են Էնկեի գերեզմանը՝ հարգանքի տուրք մատուցելով ֆուտբոլիստին:

Մինչ ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները հիշում են Էնկեին գիտնականներն ու մասնագետները ներկայացնում են իրենց վերլուծությունները, որոնք վերաբերում են պրոֆեսիոնալ սպորտի աշխարհին:

AFP գործակալությունը մեջբերում է պրոֆեսոր Գյունտեր Գեբաուերի կարծիքը, ով նախկինում մարզիկ է եղել, իսկ այժմ փիլիսոփայություն է դասավանդում Բերլինի Ազատ համալսարանում: Գեբաուերը նշում է, որ մեր օրերում պրոֆեսիոնալ սպորտում մարզիկների մասին շատ քիչ են մտածում, քիչ են հոգում նրանց մասին:

Գեբաուերը կարծիք է հայտնում, որ Էնկեի մահից հետո իրավիճակը կարող էր փոխվել, ողբերգությունը կարող էր ստիպել մարդկանց փորձել փոփոխություններ  կատարել պրոֆեսիոնալ սպորտի համակարգում:

«Սակայն այդ օրվանից զարմանալիորեն քիչ բան է փոխվել», – ասում է Գեբաուերը՝ նշելով, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլը շարունակելու է զոհեր «տրամադրել», եթե այդ խնդրին լուրջ չվերաբերվել:

Գեբաուերը նշում է, որ մեր օրերում պրոֆեսիոնալ սպորտի աստղերը շատ արագ են անտեսվում և մոռացության մատնվում: Էնկեի հոգեբանական խնդիրների հիմքերից մեկը հենց այդ զգացողությունն էր, նա վախենում էր դուրս մնալ պրոֆեսիոնալ սպորտից կարիերայի ավարտից հետո, ինչն էլ հանգեցնում էր ֆուտբոլիստի ընկճախտին:

Գեբաուերը նշում է, որ ֆուտբոլը դարձել է դաժան, անխնա բիզնես, որտեղ շատ կարևոր է, թե ինչպես դու կկարողանաս ներկայացնել քեզ: Մասնագետները հաճախ համաձայնում են այդ մտքի հետ. մասնավորապես, շատերը նշում են, որ ֆուտբոլիստի լավ պայմանագիրը ակումբի հետ կախված է ոչ միայն իր տաղանդից, այլ իր գործակալի հմտությունից: Շատ հաճախ իրականում կարգով ավելի բարձր ֆուտբոլիստները շատ ավելի համեստ ակումբներում են խաղում, քան նրանք, ովքեր հեղինակավոր գործակալներ ունեն: Անգլիայում նշում են, որ անգամ բարձրակարգ ակումբներում տարածված է մարզիչ-գործակալ աշխատանքային մոդելը, երբ մարզիչը իր հեղինակության շնորհիվ պարտադրում է այս կամ այն ֆուտբոլիստին բավական բարձր գումար, իսկ հետո գործակալից «պարգևավճար» է ստանում` այդ գումարից որոշակի տոկոս:

Պրոֆեսիոնալ սպորտում  մահացության դեպքերը երիտասարդ մարզիկների կողմից ավելանում են: Լինի դա առողջական խնդիրների պատճառով, թե շարունակվող դեպրեսիաների: Վերջերս գերմանացի հայտնի չմշկորդ, օլիմպիական չեմպիոն Կլաուդիա Պեխշտայնը խոստովանել է, որ 2009 թվականին նույնպես ցանկանում էր ինքնասպան լինել, երբ նրան երկու տարով որակազրկեցին: Մարզուհուն այդ քայլից հետ է պահել իր գործակալը, ով կարողացել է համոզել Պեխշտայնին, որ նա ապագա ունի սպորտում:

Պեխշտայնը նշում է, որ որակազրկման լուրից հետո նրանից անմիջապես սկսեցին հրաժարվել հովանավորները, չմշկորդուհուն զրկեցին աշխատանքից և նա սկսեց վախենալ իր ապագայի համար:

Նման դեպքերը եզակի չեն պրոֆեսիոնալ սպորտում, նշում է Գեբաուերը: Հաճախ դա հանրության համար անհայտ է մնում, սակայն մարզիկների շարքում հոգեբանական խնդիրներ ունեցողների թիվը շատանում է, իսկ դաժան պրոֆեսիոնալ սպորտը մոռացության է մատնում նրանց:

Էնկեի մահից հետո Գերմանիայում նրա անվան հիմնադրամ է ստեղծվել, որը օգնում է այն մարզիկներին, ովքեր տառապում են ընկճախտից:

Գեբաուերի խոսքով՝ հիմնադրամն արդեն իսկ օգնել է մարդկանց: Հայտնի մարզիկներից մեկը, որի անունը չեն նշում, հայտարարել է, որ ինքը հետ է կանգել ինքնասպանությունից՝ ծանոթանալով Էնկեի հիմնադրամի գործունեությանը:

Սակայն միայն մեկ հիմնադրամի գործունեությունը մեկ երկրում բնական է` չի լուծում պրոֆեսիոնալ սպորտի բազմաթիվ խնդիրները: Պրոֆեսիոնալ սպորտը վաղուց վերածվել է մարդկանց չխնայող մեծ բիզնեսի, որտեղ շարունակաբար իրենց դիրքերն է ամրապնդում անազնիվ չինովնիկների դասը:

Tekali Taxi