Home / Հայաստան / Հայաստանի քաղաքացիները` ադրբեջանական ֆիլմերի փառատոնի մասին. հարցում

Հայաստանի քաղաքացիները` ադրբեջանական ֆիլմերի փառատոնի մասին. հարցում

Epress.am-ն արդեն բազմիցս անդրադարձել է Երևանում անցկացվելիք «Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի» հետ կապված զարգացումներին և դրանց շուրջ հնչող մեկնաբանություններին:

Այսօր հայտնի էր դարձել, որ փառատոնի անցկացումը հերթական անգամ հետաձգվել է, քանի որ Բուզանդի 1 հասցեում գտնվող տարածքի սեփականատիրոջ վրա ճնշում է գործադրվել, և նա հրաժարվել է կազմակերպիչներին տարածք տրամադրել:

Epress.am-ը փորձեց հարցման միջոցով պարզել Հայաստանի քաղաքացիների կարծիքը  փառատոնի անցկացման վերաբերյալ: Ինչպես և սպասվում էր, հարցվածների մեծ մասը դեմ էր արտահայտվում փառատոնի անցկացմանը Հայաստանում, թեև հարցվածներից միայն երկուսն էին տեղյակ այս միջացառումից:

«Միայն այն, որ ադրբեջանցիներ են, արդեն իսկ բացասական կարծիք է ստեղծում: Ադրբեջանցի, թուրք, չգիտեմ, նույն բանն է», – ասել է Քնարիկ անունով ուսանողուհին: Այնուամենայնիվ, Քնարիկի մոտ ադրբեջանական ֆիլմ դիտելու «հետաքրքրություն կա»: Ուսանողուհին նշեց, որ կհետաքրքրվի և կփորձի դիտել այդ ֆիլմերը հետաքրքրության համար:

23-ամյա Անին, ով աշխատում է կրթության ոլորտում, ողջունում է կազմակերպիչների մտահղացումը: Սակայն, ըստ նրա, եթե փառատոնն անցկացվի, ապա Ադրբեջանում էլ «ինչ-որ մարդիկ պիտի հանձն առնեն նման բան կազմակերպել»:

«Ամեն դեպքում, ես հասկանում եմ նաև այն մարդկանց, ովքեր դեմ են, և փորձում են ինչ-որ ձևով խոչընդոտել», իսկ կազմակերպիչներին «դավաճան» անվանելն ու նրանց հասցեին հնչած սպառնալիքներն Անին հակաժողովրդականության դրսևորում է համարում:

Բացասական վերաբերմունքը հարևան երկրի ֆիլմերի հանդեպ առավել վառ է երիտասարդության շրջանում: Տարեց մարդիկ, ինչպես և աստղագետ Սերգեյը, կողմ են համերաշխությանը: «Կինոն արվեստ է, քաղաքականության հետ կապ չունի: Միարժեքորեն դրական եմ վերաբերում», – ասաց աստղագետը:

Ռուսաստանաբնակ Գուրգեն Մամիկոնովիչն էլ կարծում է, որ պետք է ինչ-որ կերպ լուծել Ադրբեջանի հետ ունեցած խնդիրները. «Առաջ մենք վատ հարաբերություններ չունեինք: Պատերազմը շատ բացասական հետևանքներ ունեցավ: Հայերն անում են առաջին քայլը, դա լավ է»: Գուրգեն Մամիկոնովիչը խոսեց նաև փառատոնի անցկացմանը խոչընդոտողների մասին` նշելով, որ վերջիններիս թվում է, թե «լավ են անում, բայց դա սխալ է: Պետք է ելք գտնել»:

30 տարեկան Լիանան` համեմատելով հայերի և ադրբեջանցիների հոգեկերտվածքը, ասաց, որ Հայաստանում հնարավոր է ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնել: Epress.am-ի թղթակցի դիտարկմանը, թե փառատոնի կազմակերպիչների հասցեին սպառնալիքներ են հնչում և ֆիլմերի ցուցադրությունը խոչընդոտվում է, Լիանան պատասխանեց. «Դե, ուրեմն մեր քաղաքացիները դեռ պատրաստ չեն Ադրբեջանին ասել «բարի համեցեք»»:

Մի երիտասարդ ևս կոչ է արել չշփոթել քաղաքականությունն արվեստի հետ: Հարցին, արդյոք նա կմասնակցեր փառատոնին` դիտելու համար ադրբեջանական ֆիլմերը, երիտասարդը դրական պատասխան տվեց. «Ֆիլմ կարելի է նայել, ինչու չէ»:

Իսկ 37 տարեկան Հայկը կարծում է, որ ադրբեջանական ֆիլմերը կարող են որոշակի «քարոզչություն հայատյած կամ մեր դիրքին հակառակ բաներ» պարունակել.

«“Նրանց հարթակ տրամադրել մեր երկրում, որ նրանք ասեն «դուք վատն եք» կամ «դուք մեր հողերը զավթել եք», ճիշտ չէ»: Հայկի կարծիքով` փառատոնի կազմակերպիչներին չարժե «դավաճան» անվանել, բայց նա ևս չի հասկանում այս միջոցառման անհրաժեշտությունը: «Մենք էլ նրանց նման խորամանկ պիտի լինենք և հասկանանք, թե մեր շահը որն է դրանից: Աշխարհի երեսին որպես լավը երևա՞նք: Ինչի՞ համար է դա արվում»:

Մի տարեց կին էլ իր` ֆիլմերի ցուցադրությանը դեմ արտահայտվելը կապեց Մանվել Սարիբեկյանի մահվան հետ. «Առանց որոևէ պատճառի էդ երեխային սպանեցին»:

Հիշեցնենք, որ Facebook սոցիալական ցանցում փառատոնի մասին տեղեկացնող պաստառը զետեղելուց հետո կազմակերպիչ Գեորգի Վանյանի հասցնեին հնչեցին բազմաթիվ վիրավորանքներ:

Փառատոնի կազմակերպմանն աջակցում է Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

Tekali Taxi