Home / Հայաստան / ՀՀ ԱԳՆ ղեկավարը Ադրբեջանը համեմատել է նացիստական Գերմանիայի հետ

ՀՀ ԱԳՆ ղեկավարը Ադրբեջանը համեմատել է նացիստական Գերմանիայի հետ

Նոյեմբերի 11-ին Հնդկաստան կատարած իր այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Միջազգային հարաբերությունների հնդկական Խորհուրդ, ուր հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով:

Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է ներկաների հարցերին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը:

Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին` Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասել է.

«Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում կարևոր իրադարձություն տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին Աստրախանում: Ռուսաստանի Դաշնության նախագահի նախաձեռնությամբ և մասնակցությամբ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեցին քննարկելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Հանդիպումից հետո, համատեղ հայտարարություն հրապարակվեց, որն ընդգծում էր, որ քաղաքական-դիվանագիտական միջոցներով հիմնախնդրին կարգավորման համար հարկավոր է լրացուցիչ քայլեր ձեռնարկել ռազմական ոլորտում փոխադարձ վստահության, ինչպես նաև հրադադարի ռեժիմի ամրապնդման համար: Որպես առաջին քայլ ձեռք բերվեց համաձայնություն փոխանակելու ռազմագերիներին և վերադարձնելու զոհվածների դիակները:

Աստրախանի հանդիպումից հետո պայմանավորվածությունները սկսեցին իրագործվել: Սակայն ցավալի է, որ անգամ այս փոխանակումը Ադրբեջանի կողմից շահարկվեց հասարակական կարծիքը մոլորեցնելու նպատակով»:

ՀՀ ԱԳ ղեկավարի խոսքով` նոյեմբերի 7-ին այդ առթիվ կազմակերպված հատուկ արարողության ընթացքում նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է հիմնախնդրի լուծման համար ռազմական ուժ կիրառելու Ադրբեջանի պատրաստակամության մասին:

«Նա ազգային հերոս հռչակեց ադրբեջանցի զինվորին, ով շփման գծում դիվերսիոն հարձակման ժամանակ սպանել էր հինգ և վիրավորել երեք հայերի` նշելով, որ «կան տասնյակ հազարավոր այդպիսի հերոսներ… որոնք սպասում են Գերագույն Հրամանատարի հրահանգին»: Նա մի քանի անգամ հիշատակեց մահապարտ «շահիդներին»՝ խաղալով Ադրբեջանի բնակչության կրոնական զգացմունքների հետ և նշելով, որ դա կարող է օրինակ ծառայել երիտասարդ սերնդի համար: Նա թմբկահարեց, որ իր երկիրը «ունի ոչ միայն մեծ քանակությամբ զենք, զինամթերք, ռազմական հանդերձանք, ռազմական հնարավորություններ, բանակը ևս մեծ վերելք է ապրում»: Զարհուրելի է, որ անգամ ելույթ ունենալով երեխաների առջև` դպրոցի բացման արարողության ժամանակ, Ադրբեջանի նախագահը սուր է ճոճում թմբկահարելով Ադրբեջանի ռազմական ներուժը, տարածքային պահանջներ ներկայացնելով` պնդելով, որ  Հայաստանը և Երեւանը ադրբեջանական հող է ու դրա մասին պետք է մանուկները իմանան», – հայտարարել  է Էդվարդ Նալբանդյանը` ընդգծելով, որ  «սա 1939 թվականի Գերմանիան չէ, սա 2010 թվականի Ադրբեջանն է»:

Նալբանդյանը նշել է, որ 2004-2011թթ. ընկած ժամանակահատվածում, ընդամենը 7 տարում, այդ երկրի ռազմական բյուջեն աճել է մոտ 18 անգամ, գրեթե կրկնապատկվել է 2010-ից 2011-ին:

«Եթե այն այս տարի կազմում է Ադրբեջանի ՀՆԱ-ի 10 տոկոսը, ապա 2011-ին ՀՆԱ-ի լինելու է մոտ 20 տոկոսը: Ադրբեջանի կողմից սանձազերծված նախորդ պատերազմի վերքերը դեռ չեն ապաքինվել, մինչդեռ Բաքուն նոր արկածախնդրություն է պատրաստում: Եվ նավթի եկամուտներից հոսող գումարներն ուղղվում են նոր ռազմական սադրանքների սնուցմանը: Եթե Ադրբեջանը ցանկություն ունի գնալու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, ապա պետք է ուղղորդի նման անհիմն եւ սադրիչ գործողությունների վրա վատնվող եռանդն ու ռեսուրսները Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին, ոչ թե ձևական, այլ գործնական մասնակցություն ունենալուն», – Ադրբեջանի մասին իր խոսքն այսպես է ավարտել Էդվարդ Նալբանդյանը:

Tekali Taxi