Home / Армения / Օմբուդսմենը չի շտապում հայտարարություններ անել Փաշինյանի դեպքի վերաբերյալ

Օմբուդսմենը չի շտապում հայտարարություններ անել Փաշինյանի դեպքի վերաբերյալ

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանի վրա հարձակման դեպքի վերաբերյալ:

Հայտարարության մեջ ասված է.

«Նոյեմբերի 11-ին` առավոտյան 3 անց 54 րոպեին, ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանի բջջային հեռախոսին է զանգում Նիկոլ Փաշինյանի կինը և հայտնում, որ իր ամուսնու վրա հարձակվել են դիմակավոր անձինք և անհետացել են: Կինը չի ցանկանում Պաշտպանին ասել իրեն դեպքի մասին տեղեկացնողի ով լինելը:

Ա.Հարությունյանը հանձնարարում է ՄԻՊ արագ արձագանքման խմբի ղեկավարին ճշտել դեպքի մանրամասները:  Խմբի ղեկավարին ՀՀ ԱՆ Կոշ ՔԿՀ-ից հայտնում են, որ ժամը 2 անց 30-ի սահմանում հերթապահները աղմուկ են լսել և մոտենալով`  տեսել են, որ  Ն. Փաշինյանի մահճակալի մոտ լույս է վառվում: Փաշինյանը ասել է, որ երկու դիմակավոր եկել և իրեն բռնության են ենթարկել: Նշենք, որ ՄԻՊ արագ արձագանքման խմբի ղեկավարի զանգի ընթացքում արդեն Ն. Փաշինյանը գտնվել է Կոշ  ՔԿՀ-ի հերթապահ մասում:

Երեկ ողջ օրը, ՀՀ ՄԻՊ գրասենյակը պարբերաբար պահանջել և տեղեկատվություն է ստացել  ՀՀ ԱՆ Կոշ ՔԿՀ-ի վարչակազմից: Այժմ Կոշ  ՔԿՀ-ում  շարունակվում է քննությունը:

ՄԻՊ գրասենյակը լրատվամիջոցներին երեկ պարզաբանումներ է տվել միայն դատաբժշկական փորձաքննության արդյունքների վերաբերյալ, և ո’չ հաստատել, ո’չ էլ հերքել է հարձակման վերաբերյալ տեղեկատվությունը, քանի որ այն ի սկզբանե իրարամերժ էր:

Հայտնում ենք, որ եթե Ն. Փաշինյանը համաձայն չէ Առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի կողմից դատաբժշկական փորձաքննության տվյալների արդյունքներին, ապա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պատրաստ է վերջինիս աջակցել այլ փորձաքննություն անցկացնելու հարցում:

Նշենք նաև, որ Ա. Հարությունյանը դեպքի մանրամասների վերաբերյալ  հեռախոսազրույց է ունեցել  ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի, ինչպես նաև Ն. Փաշինյանի փաստաբան Վահե Հովսեփյանի հետ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը անընդունելի է համարում մինչ պաշտոնական փորձաքննությունը հայտարարություններ անելը և կոչ է անում զերծ մնալ նման հայտարարություններից:

Կոչը հավասարապես ուղղված է ՀՀ ԱԺ պատգամավոր Զ. Փոստանջյանին  և ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի  բաժանմունքի պետ Ա. Բաբայանին, ովքեր նախքան փորձաքննության արդյուքների ստանալը հանդես էին եկել հայտարարություններով»:

Tekali Taxi