Home / Армения / ՀՀ ՊՆ-ն խոսում է սպանությունների մասին միայն իրավապաշտպանների արձագանքից հետո

ՀՀ ՊՆ-ն խոսում է սպանությունների մասին միայն իրավապաշտպանների արձագանքից հետո

Այս տարի ՀՀ զինված ուժերում տեղի ունեցած մահացության 34 դեպքերից միայն 10-ն է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն ինքն է առաջինը հրապարակել: Այս մասին այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից կազմակերպված «Բանակ և հասարակություն» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Հելսինկյան քաղացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

«Մնացած 24 դեպքերը մենք են ներկայացրել, որից հետո միայն պաշտպանության նախարարությունն արձագանքել է», – հայտարարել է Սաքունցը` նկատի ունենալով իրավապաշտպանների ներկայացրած դեպքերը:

«Իսկ քանի դեպք կա, որ մենք տեղյակ չենք, էլ չեմ ասում բռնության դեպքերի մասին», – նշել է իրավապաշտպանը:

Բանախոսը կարծիք է հայտնել, որ բռնության դեպքերի մասին հասարակությունը քիչ է տեղեկանում, քանի որ սովորաբար բռնության ենթարկող և ենթարկվող կողմերը համաձայնության են գալիս:

Իրավապաշտանի խոսքով` բանակային դեպքերի հիմնական պատասխանատուներն են Հայաստանի Գլխավոր գերագույն հրամանատարը, ՀՀ պաշտպանության նախարարը և ՀՀ Գլխավոր շտաբի պետը (այս պահի դրությամբ այդ դիրքերն են զբաղեցնում, համապատասխանաբար, Սերժ Սարգսյանը, Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը):

Արթուր Սաքունցն ասել է, որ 1989 թվականին, երբ Հայաստանը չուներ կանոնավոր բանակ, մարդիկ կամավոր սկզբունքով գնում էին հայրենիքի պաշտպանության, իսկ այժմ կանոնավոր բանակի առկայության պայմաններում, մարդիկ ցանկություն չունեն ծառայել:

«Դա մտահոգության առիթ է տալիս», – նշել է բանախոսը:

Դրա պատճառը, ըստ Սաքունցի, այն է, որ «զինված ուժերը, ինչպես նաև ՀՀ ոստիկանությունը չեն բարեփոխվել»:

Tekali Taxi