Home / Հայաստան / «Ուրախ եմ, որ Հայաստանում գտնվել են 10-ից ավել լրատվամիջոցներ…»

«Ուրախ եմ, որ Հայաստանում գտնվել են 10-ից ավել լրատվամիջոցներ…»

Լրագրողական համայնքը շատ ավելի վաղ պետք է համախմբվեր` ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի: Այս մասին լրատվամիջոցների կողմից կազմակերպած Նիկոլ Փաշինյանին նվիրված ակցիայի ընթացքում Epress.am-ին ասել է «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը:

«Մեր պահանջը պետք է լինի ոչ թե նրա անվտանգության հարցերն էս պահին բարձրացնել, ընդհանրապես, մեր պահանջը պետք է ավելի արմատական դնենք:
Ուղղակի ազատ արձակման պահանջ պետք է դնենք, և ոչ թե այսպես լոկալ հավաքների մակարդակով, այլ ավելի պետական մակարդակով», – ասել է Արման Բաբաջանյանը:

Նա նշել է, որ տվյալ գործընթացին հարկավոր է միջազգային կառույցներին ավելի հաճախ ներգրավել:

«Կարծում եմ, որ էստեղ թերանում ենք, և ես գոնե իմ մասով փորձում եմ հիմա աշխատել Լրագրողների պաշտպանության կոմիտեի հետ, արդեն խոսել եմ Նյու Յորք և նրանցից եմ փորձել հայտարարություն ստանալ` ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի: Human Rights Watch հեղինակավոր կազմակերպությանը պետք է անպայման ընդգրկել, գումարած մեր ջանքերը պետք է ավելի կենտրոնացնել, ավելի կազմակերպել: Հանդիպենք Արդարադատության նախարարի հետ, հանդիպենք վարչապետի հետ, պատկան մարմինների հետ, ում հետ կարող ենք ընդհանրապես հնարավորություն ստեղծել Նիկոլի շուտափույթ ազատ արձակման համար: Նիկոլը էսօր թիվ մեկ խնդիրն է, և կարծում եմ, որ մենք ոչ մի բան չպիտի խնայենք Նիկոլի ազատ արձակման համար, սա միանշանակ է », – նշել է Բաբաջանյանը:

Գրող-հրապարակախոս Առաքել Սեմիրջյանը Epress.am-ին ասել է, որ եկել է Սարյանի արձանի մոտ, որպեսզի տեսնի, թե որ լրատվամիջոցներն են ազատ, և եթե ազատ էլ չեն, գոնե որևէ բարոյական նկարագիր ունեն:

«Իսկ ով որ էս ակցիային չի մասնակցում ինձ համար դրանք ոչ թե լրատվամիջոցներ են, այլ ուղղակի իշխանությունների, բռնապետության ծառաներ: Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում գտնվել են 10-ից ավել լրատվամիջոցներ, որոնք կապ չունի` կիսում են, թե չեն կիսում Նիկոլի գաղափարախոսությունը, բայց էնքան իրենց մեջ ուժ են գտել, որ հանուն մի մարդու կյանքի, հանուն իրենց կոլեգայի եկել են ու կանգնել են Նիկոլի կողքին: Ես եկել եմ իմ աչքով տեսնեմ, համոզվեմ, որ դեռևս այսքան լրատվամիջոց դեռևս չի վաճառվել, որ էդքան ճիճուներ չեն, և իրենց ազնվությունը մինչև վերջին կաթիլը չեն վաճառել: Սա աննախադեպ երևույթ է», – նշել է Սեմիրջյանը:

Գյումրիի Գալա TV-ի գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը նշել է, որ «նման ակցիաները մենք ուշացրել ենք, մենք ավելի շուտ պիտի սկսեինք»:

«Թողնենք մի կողմ, որ նա քաղբանտարկյալ է, իսկ եթե լրագրողները և լրատվամիջոցները աղմուկ բարձրացնեին, որ բանտում է գտնվում լրագրող, այ դա, ինձ թվում է, ավելի մեծ ազդեցություն կունենար, էս ակցիաները բոլորը ուշացել են», -ասել է Հարությունյանը:

Tekali Taxi