Home / Армения / Գարեգին Բ-ի այցը Վրաստան կրկին հետաձգվել է

Գարեգին Բ-ի այցը Վրաստան կրկին հետաձգվել է

Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդը անցած հանգստյան օրերին տեղի ունեցած նիստի ժամանակ հետաձգել է Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ նոյեմբերին ծրագրված այցը Վրաստան, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

Վրացական կողմի խնդրանքի մասին նիստի մասնակիցներին տեղեկացրել է Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Ըստ նրա`  նկատի առնելով Համայն Վրաստանի Պատրիարք-Կաթողիկոս Իլիա Երկրորդի արտասահմանում բուժումից հետո վերականգնողական շրջանի անհրաժեշտությունը և պատրիարքի ցանկությունը` ուղեկցելու Նորին Սրբությանը Թբիլիսի և Ջավախք միջեկեղեցական և հովվապետական այցելության ողջ ընթացքում` Վրաց Եկեղեցին դիմել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին վերանայելու Հայոց Հայրապետի Վրաստան այցի թվականը:

«Գերագույն հոգևոր խորհուրդն ընդառաջ խնդրանքին հետաձգեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Վրաստան` նկատի ունենալով հետաձգման վերաբերյալ նաև Վիրահայոց թեմի և Ջավախքի փոխառաջնորդության խնդրանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վրացական կողմի խնդրանքով, ավելի վաղ Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցն արդեն հետաձգվել էր հոկտեմբերի վերջից նոյեմբերի երկրորդ կեսը։

Tekali Taxi