Home / Армения / Հայաստանը կարող է զրկվել ֆինանսավորումից. զեկույց

Հայաստանը կարող է զրկվել ֆինանսավորումից. զեկույց

Հայաստանը չի հաղթահարել 2011 թվականի Կոռուպցիայի ցուցիչի նվազագույն շեմը: Այս մասին ասված է ամերիկյան «Համաշխարհային զարգացման կենտրոն» կազմակերպության զեկույցում, որը պատրաստվել է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի նախաձեռնությամբ: Զեկույցի արդյունքների հիման վրա էլ պետությունները ֆինանսական աջակցություն են ստանալու:

Զեկույցը կազմվել է երեք հիմնական չափորոշիչներով` ազնիվ կառավարում, ազատ տնտեսական հարաբերությունների խթանում և մարդկանց ուղղված ներդրումներ:

«Կոռուպցիայի ցուցիչին վերաբերող այս զեկույցը շատ կարևոր է «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի համար և դիտարկվում է վերջինիս ներկայացրած զեկույցի հետ, որում նշված են 2011 թվականի թեկնածու պետությունները և ընտրման չափորոշիչներն ու մեթոդները: Զեկույցը մեծ դեր է ունենալու 2011 թվականի ընտրության գործընթացում», ասված է «Համաշխարհային զարգացման կենտրոն»-ի հաղորդագրության մեջ:

Զեկույցի հեղինակները նշում են, որ նվազագույն շեմը չհաղթահարած պետությունը կարող է զրկվել հաջորդ տարվա ֆինանսական օգնությունից:

Հայաստանն այն երկու երկրներից է, որոնք ձախողվել են և չեն համապատասխանել Կոռուպցիայի ցուցիչի նվազագույն պայմաններին:

«Խնդրո առարկա 19 երկրներից երկուսը` Հայաստանն ու Մոնղոլիան, չեն հաղթահարել կոռուպցիայի շեմը: Արդեն չորրորդ տարին է` Հայաստանը չի համապատասխանում Կոռուպցիայի ցուցիչի պայմաններին: Այս տարի Հայաստանը 42% ցուցանիշ է արձանագրել»,- նշված է զեկույցում:

Հայաստանն ընդգրկված է եղել միջին եկամուտ ունեցող երկրների ստորին հատվածում գտնվող պետությունների շարքում և ավելի ցածր ցուցանիշ է գրանցել, քան հարևան Վրաստանը:

Tekali Taxi