Home / Հայաստան / Աշոտ Եղիազարյանն ԱՄՆ-ից բացատրել է` ինչու չի ներկայացել հարցաքննության

Աշոտ Եղիազարյանն ԱՄՆ-ից բացատրել է` ինչու չի ներկայացել հարցաքննության

Ռուսաստանի Պետական Դումայի «Լիբերալ դեմոկրատական կուսակցության» հայազգի պատգամավոր Աշոտ Եղիազարյանը, ով մեղադրվում է խոշոր մեքենայություններ իրականացնելու մեջ, չի ներկայացել Քննաչական հանձնաժողով հարցաքննության: Փոխարենը Եղիազարյանը բացատրական նամակ է ուղարկել Միացյալ Նահանգներից:

Նամակում պատգամավորը գրել է, որ իր կյանքին սպառնացող վտանգի պատճառով նա հուլիսից բնակություն է հաստատել Լոս Անջելեսում: Եղիազարյանը մտահոգություն է հայտնում ՌԴ իրավապահ մարմինների կողմից իր սահմանադրական իրավունքները չպաշտպանելու կապակցությամբ և խնդրում է կապ հաստատել իր հետ ԱՄՆ-ի տարածքում` ամերիկացի փաստաբանների միջոցով, գրում է «Ինտերֆաքսը»:

Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության մամուլի ծառայությունը, վկայակոչելով պատգամավորի խոսքերը, տեղեկացրել է, որ Եղիազարյանը մինչ օրս որևէ ծանուցագիր կամ համապատասխան փաստաթուղթ չի ստացել, որում նշված է, թե նրա դեմ քրեական գործ են հարուցել: Այնինչ, նրա խոսքով, այդ փաստաթղթերն ուղարկվել էին Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովին, իսկ իրեն հասել են միայն սեպտեմբերի 11-ին:

Եղիազարյանն իր բնակության վայրի մասին պաշտոնապես տեղեկացրել է նոյեմբերի 11-ին` կոնկրետ նշելով Լոս Անջելեսի իր հասցեն:

Հիշեցնենք, որ ՌԴ Պետդուման բավարարել էր Քննչական հանձնաժողովի միջնորդությունն ու Աշոտ Եղիազարյանին զրկել էր պատգամավորական անձեռնմխելիությունից: Եղիազարյանի դեմ քրեական գործ է հարուցված «մեծ ծավալով մեքենայություններ իրականացնելու» հոդվածով, ինչի համար նրան 10 տարվա ազատազրկում է սպառնում:

Tekali Taxi