Home / Армения / Հայաստանում ցանկանում են բարելավել գործարար միջավայրը

Հայաստանում ցանկանում են բարելավել գործարար միջավայրը

Այսօր կառավարությունում քննարկել են Հայաստանի գործարար միջավայրի բարելավման հեռանկրաները:

Քննարկման ընթացքում  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը  նշել է, որ Հայաստանի Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի կարևոր կետերից մեկը Doing Business-ի ցուցանիշով (բիզնես վարելու արդյունավետության ցուցիչ, որը հրապարկվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ) աշխարհի պետությունների առաջին տասնյակում տեղ գրավելն է, մինչդեռ ցայսօր առաջընթաց չկա:

Վարչապետը որպես պատճառներ նշել է, որ մեր երկրում բարեփոխումների հապաղումն է և այն, որ այլ պետություններն ավելի արագ են իրականացնում բարեփոխումներ: Տիգրան Սարգսյանը ասել է, որ մեր հիմնական խնդիրը հարկերի վճարման վարչարարության մասնաբաժինն է, որի կտրվածքով Հայաստանը գտնվում է 159-րդ տեղում: Հայաստանը 82-րդ հորիզոնականն է զբաղեցնում անդրսահմանային առևտրի ցուցանիշով (այդ ոլորտում մեր երկրի դիրքը 21 կետով բարելավվել է): Խնդրահարույց է ներդրողների պաշտպանվածության հարցը, որտեղ մենք զբաղեցնում ենք 93-րդ հորիզոնականը:

6 կետով վատացել է շինարարական թույլտվությունների ստացման ցուցանիշը. այստեղ մեր երկիրը 78-րդն է: Վարչապետը մտահոգիչ է համարել ընկերությունների փակման, վարկերի հասանելիության և նոր բիզնես սկսելու ցուցանիշները: Սեփականության գրանցման ցուցանիշով, որտեղ 5-րդ հորիզոնականում ենք, անցած տարվա համեմատությամբ վիճակը 1 կետով վատացել է:

Խորհրդակցության ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի նախագիծը: Հաջորդած քննարկման ընթացքում արծարծվել են բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, փոքր և միջին ձեռնարկությունների աճի, ինչպես նաև արտաքին առևտրի խթանմանը, հարկային և մաքսային քաղաքականության իրականացմանն առնչվող հարցեր:
Ամփոփելով քննարկման արդյունքները` կառավարության ղեկավարը հանձնարարել է ստեղծել շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբեր և մինչև հաջորդ ուրբաթ ներկայացնել առաջարկություններ գործարար միջավայրի արմատական բարելավման ուղղությամբ միջոցառումների իրականացման վերաբերյալ:

Tekali Taxi