Home / Армения / «Գազանային բանակը մարտի 1-ի համար է». զոհված զինծառայողի մայրը գիտի մեղավոր սպայի անունը

«Գազանային բանակը մարտի 1-ի համար է». զոհված զինծառայողի մայրը գիտի մեղավոր սպայի անունը

«Որդուս դաժանաբար են սպանել, մտածված, գումարտակի հրամանատարի կարգադրությամբ, Միշա Գաբրիելյանի կարգադրությամբ»,- հայտարարել է Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը` նշելով, որ մինչև այսօր նրա անունը չէր տվել, իսկ այժմ ասում է.

«Նրան իշխանությունները պարտակում են, Սեյրան Օհանյանը կոչումն իջացրեց, տեղափոխեց ուրիշ տեղ: Հիմա ես պահանջում եմ, որ իրան էլ հարցաքննեն ու մեղավորների մեջ մտցնեն»:

Հիշեցնենք, որ պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Արտակ Նազարյան զոհվել է հունիսի 27-ին Տավուշի մարզի թիվ 21177 զորամասում: Նախնական վարկածի համաձայն`  Արտակ Նազարյանը ինքնասպանություն էր գործել:

«Նախորդ քննիչը ինչքան կարողացավ պարտակեց, ինչ էր աշխատեց իմ տղայի գործը պարտակելու արդյունքում, Աստված գիտի: Սա ակնհայտ սպանություն է, փորձեցին անցկացնել որպես ինքնասպանության ակտ, և այդպես էլ շարունակում են: Ես բաց նամակ հղեցի ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, նա էլ ինձ հրավիրեց հարցերիս պատասխանելու: Ես հարց չունեմ, ես պատասխան եմ ուզում իմ որդու մահվան հանցագործներից, որոնք սահմանի վրա սպանել են որդուս, ավելի վատ են սպանել, քան թուրքը կսպաներ, սպանելուց հետո, իրեն բարձրացնում են վերև, որ թուրքը կրակի, դրանով պրծնեն: Իմ որդու արյան վրեժն Աստված լուծելու է, բայց իրենք պիտի պատասխան տան նաև էս երկրի վրա: Իմ տղայի որոշումը պետք է լինի ոչ թե ինքնասպանության դրդում, այլ առանձնահատուկ դաժանությամբ խմբակային սպանություն, Միշա Գաբրիելյանի լափելիքը պակասել էր, Արտակ Նազարյանը չէր կարող զինվորներին քացու տակ տար, փող պահանջեր, որ ծնողները փող հասցնեին, դրա համար էլ ոչնչացրեց Արտակին», – ասել է Արտակ Նազարյանի մայրը:

Նա հայտարարել է, որ համոզված է, որ Սեյրան Օհանյանը մի տառ անգամ չի կարդացել իր որդու գործից, այնինչ, Հասմիկ Հովհաննիսյանի խոսքերով, գործը Պնախարարի անմիջական վերահսկողության տակ է:

«Եթե Սեյրան Օհանյանը մի տառ կարդացել է, ինչի՞ չի խոսում, թե էդ ամբողջ մարմինը, լխկած մարմինը` ինչի արդյունք է: Ես նկարներ ունեմ, տղայիս նկարները դագաղի մեջ, տանելու եմ դնեմ Սեյրան Օհանյանի դեմը, թող տեսնի ինչ են թողել իմ տղայից: Տղայիս ձեռքերն եմ տեսել, չորացած էին որդուս ձեռքերը»,- լացելով պատմում էր Արտակ Նազարյանի մայրը:

«Եթե տղայիս մահացած ժամանակ տարել են, ավտոմատը դրել են բերանը, հետո, որ մատնահետք չլինի, տղայիս մատով կուռոկը սեղմել են, դա եղավ, որ ինքնասպան է եղե՞լ: Ինչի են սենց անում, ինչի՞ են սենց անում, հիմա էլ մահվան վրա են փող աշխատում: Ամբողջ համակարգը կաշառված մարդիկ են, ամբողջ համակարգը փոխել է պետք»,- ասել է տիկին Հասմիկը:
Նա նշել է, որ իր պայքարը իր որդու հիշատակի համար է, բայց առավել ևս բոլոր երիտասարդների համար է, ովքեր նոր պետք է բանակ գնան:

«Իմ տղային ես հետ չեմ բերի, գիտեմ, բայց սրանից օգտվելու են նրանք, ովքեր ապրում են, ովքեր նոր բանակ պիտի գնան: Ոչ միայն տղայիս են սպանել, ինձ էլ են սպանել, ես քայլող մեռել եմ դարձել: Վերևից ներքև ինքնասպան ինչի՞ չեն լինում, հերթով, տականքների բուրգը պիտի ինքնասպան լինեն: Ես էնքան եմ սիրել էս երկիրը, իս էս երկիրը իմ երեխայի գերեզմանը դարձավ, ինչի՞ համար»,- արցունքներն աչքերին բղավում էր Արտակ Նազարյանի մայրը:

Նա հավելել է, որ հիմա հասկանում է, թե «ինչի համար են նման բորենիներ».

«Այդպիսի գազաններին հովանավորում են, որ նման գազանային բանակ ունենան, որ վաղը, մյուս օրը մարտի 1-ի դեպքեր լինեն, էդ գազանները Արտակիս չխնայեցին, ժողովուրդը ինչ է, կկրակեն ու կկրակեն, կոչնչացնեն: Այ հիմա հասկանցա, թե ինչի են պարտակում գազան գումարտակի հրամանատարին, գազան զամպալիտներին, որպեսզի իրենք ունենան գազանային բանակ, անհրաժեշտության դեպքում իրենց աթոռները պահելու համար հանեն ժողովրդի դեմ: Բայց մի օր պայթելու է էս ժողովուրդը, անպայման մի օր պայթելու է»,- ասել է Հասմիկ Հովհաննիսյանը:

Tekali Taxi