Home / Армения / Առաջ ճակատամարտից էին դիմավորում, հիմա` բանտից. քաղբանտարկյալին շնորհավորեցին շամպայնով

Առաջ ճակատամարտից էին դիմավորում, հիմա` բանտից. քաղբանտարկյալին շնորհավորեցին շամպայնով

Օրերս բանտից ազատված քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանն այսօր երեկոյան այցելեց   Սարյանի արձանի հարակից տարածք, որտեղ նրան էին սպասում քաղաքական զբոսանքի մասնակիցները: Սաղաթելյանի մուտքը դիմավորեցին ծափերով և «Մուշեղ, Մուշեղ» վանկարկումներով: Քաղբանտարկյալին ազատվելու կապակցությամբ շնորհավորեցին շամպայնով:

Սաղաթելյանին շնորհավորելու էին եկել Կոնգրեսի ներկայացուցիչներն ու նախկին քաղբանտարկյալները: Epress.am–ի հետ զրույցում Մուշեղ Սաղաթելյանն ասաց, որ իրենք  պայքարում են ոչ միայն քաղբանտարկյալների համար, այլև Հայաստանի ազատության ու այն արդար երկիր դարձնելու համար:

«Դրա համար էլ ոչ մի տղա կալանքի մեջ չի հուսահատվում և չի նեղանում և հոգով սրտով գիտի, որ ինքը պայքարում է  ոչ թե իր ազատ դուրս գալու համար, այլ պայքարում է, որ  երկրում ազատություն ու արդարություն լինի, դա է պայքարի հիմնական գաղափարը»,- ասաց Սաղաթելյանը:

Քաղբանտարկյալի ազատվելու կապակցությամբ հնչեցին ելույթներ:
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն իր ելույթում նշեց, որ 20 տարի առաջ հերոսներին ճակատամարտից էին դիմավորում, պատվում, մեծարում, իսկ այս մարդիկ կռվել են սեփական թշնամու դեմ, «որոնք հայ են կամ հայաստանցի են, կամ այն հերոս ժողովրդի զավակն են, որ կոչվում է ղարաբաղցի, որոնք եկան փչացրին և անունը, և հայրենիքի հասկացողությունը շատերի համար և ընդհանրապես այն բոլոր բարոյական արժեքները,   որ մարդուն պահում է, հայրենասեր է դարձնում, եկան հիմնահատակ արեցին, և ամենամեծ արժեքը, որ կոչվում է ազատամարտիկ, հերոս զինվոր, հայրենասեր, այդ մարդիկ հայտնվեցին բանտերում»,- ասաց Մանուկյանը:

Մուշեղ Սաղաթելյանն էլ իր ելույթում համոզմունք հայտնեց, որ ինքը ժողովրդից շատ չի տանջվել. «Այդպես չի, դուք ինձանից ավելի  շատ եք տանջվել պայքարում, ես անգործ նստած եմ եղել»:

Tekali Taxi