Home / Армения / Դատարանը որպես ապացույց չի ընդունել ակտիվիստի պատռված վերնաշապիկը

Դատարանը որպես ապացույց չի ընդունել ակտիվիստի պատռված վերնաշապիկը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Հայ ազգային կոնգրեսի երիտասարդներ Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով դատավարությունը:

Նրանց պաշտպանները հենց դատական նիստի սկզբում` իրենց պաշտպանյալների արդարացնող  և գործի օբյեկտիվ քննությանը նպաստելու համար դատարան էին վկայակոչել չորս քաղաքացու`  Արման Վեզիրյանին, Սարգիս Քլոյանին, Առաքել Սեմիրջյանին և Վլադիմիր Կարպետյանին: Դատարանը միջնորդությունը բավարարեց մասնակի և որոշեց, որ վկայություն տա միայն Վլադիմիր Կարապետյանը: Կարապետյանը, պատասխանելով պաշտպանների հարցերին, պատմել է, որ այս տարվա մայիսի 31-ին, երբ ինքը, մի խումբ քաղաքացիներ, այդ թվում` Գևորգյանն ու Քիրամիջյանը, փորձել են մտնել Ազատության հրապարակ, ոստիկանները իրենց նկատմամբ բռնություն են գործադրել և հրելով ու քաշքշելով հեռացրել են դեպի Սարյանի արձանի տարածք:

«Որևէ միջադեպ և որևէ խնդիր չէր առաջանա, եթե ոստիկանությունը չսադրեր և իր ապօրինի գործողություններով չսահմանափակեր քաղաքացիների  տեղաշարժը»,-ասել է Կարպետյանը:

Խոսելով նաև մեղադրվող երիտասարդների գործողությունների մասին` Վլադիրմիր Կարապետյանն ասել է, որ չնայած ոստիկանների բռնություններին, տղաներն իրենց բավական զուսպ են պահել: Դատական նիստի ժամանակ Քիրամիջյանի պաշտպան Մելանյա Առուստամյանը դատարանին է ներկայացրել Քիրամիջյանի պատռված ու կեղտոտված վերնաշապիկն ու ներքնաշապիկը և միջնորդել է դրանք որպես իրեղեն ապացույց ճանաչել և կցել գործին, սակայն դատավորը մերժել է այդ միջնորդությունը:

Մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը, որը միջնորդությունը համարել է անհիմն, իր խոսքում նշել է, որ իրենք չեն հերքում, որ Քիրամիջյանի նկատմամբ բռնություն է գործադրվել:

Առուստամյանը նաև միջնորդել է, որ իր պաշտպանյալի մեղադրանքի հիմքից հանվեն գործով անցնող տուժող Վարազդատ  Թադևոսյանի, վկաներ Լուսինե Թադևոսյանի և Ռուբեն Այվազյանի ցուցմունքները, որոնք խուսափել են ներկայանալ դատարան: Դատավորն այդ միջնորդության որոշումը հետաձգել է:

Այսօրվա դատական նիստում ավարտվել է դատաքննությունը, և հաջորդ դատական նիստին արդեն ակնցվելու է վիճաբանությունների փուլը:

Դատական նիստից հետո պաշտպան Ստեփան Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ դատարանը թույլատրել է հարցաքննել միայն Վլադիմիր Կարապետյանին, քանի որ դատարանն արդեն իսկ բավարարվել է գործում առկա ապացույցներով և այլևս կարիք չի համարել այլ անձանց ցուցմունքները ևս լսել: «Սակայն ես կարծում եմ, որ դա չի բխում մեր պաշտպանյալների շահերից: Մեղադրող կողմն ու դատարանը մտավախություն ունեին, որ, եթե այդ բոլոր անձինք լինեին դատարանում և ցուցմուքններ տային, պետք է հայտնեին ճշմարտությունը և, բնականաբար, դատարանը չէր կարող այլևս ուշադրություն չդարձներ այդ անձանց ցուցմուքների վրա: Այդ պարագայում մեր պաշտպանյալներին առաջադրված այդ անհիմն մեղադրանքը պետք է հանվեր»,- նշել է Ստեփան Ոսկանյանը:  

Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 8-ին, ժամը 10.00-ին:

Tekali Taxi