Home / Армения / Ադրբեջանի միամտությունը և հայ շեֆ-խոհարարի փոփոխությունը. հարցազրույց Մանաֆովի հետ

Ադրբեջանի միամտությունը և հայ շեֆ-խոհարարի փոփոխությունը. հարցազրույց Մանաֆովի հետ

Հայաստանն անվերադարձ կորցրել է ղարաբաղյան հակամարտությունը «խելամիտ գնով» լուծելու հիանալի հնարավորությունն այն տարիներին, «երբ Ռոբերտ Քոչարյանը բանակցություններ էր վարում Հեյդար Ալիևի հետ, այդ թվում նաև ԱՄՆ-ում»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցի ֆելյետոնիստ Բեյդուլա Մանաֆովը, որի հետ հարցազրույցը Epress.am-ին տրամադրել է Մարինա Նաիրաշվիլին:

Այդ դեպքում, Հայաստանը, նրա կարծիքով, ոչ միայն կդառնար տնտեսապես զարգացած երկիր, այլ նաև դե-ֆակտո կպահպաներ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը վերահսկելու հնարավորություն` անգամ առանց արտասահմանցի միջնորդների:

«Փաստորեն, Հայաստանն ունի արժեքավոր բաժնետոմսերի միայն մեկ փաթեթ` դա ռուսաստանյան ռազմաբազան է: Բայց այն ավելի շատ «զոն նայողի» դեր է կատարում: Հայաստանին լոյալ պահվածքի համար թույլ են տալիս «ֆուտբոլային դիվանագիտություն» խաղալ և հանդիպել ադրբեջանցիների հետ, սակայն փաստաբանի ներկայությամբ», – ասել է Մանաֆովը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության լուծման հեռանկարներին Հայաստանում իշխանության փոփոխության դեպքում` Մանաֆովն ասել է, որ ներկայիս իշխանությունների հակառակորդների մեծ մասը «նույն ճաշատեսակներն են առաջարկում, ինչ իշխանությունները:

«Շեֆ-խոհարարի փոփոխությունն այս դեպքում ոչնչի չի բերի, քանի որ բաղադրատոմսերը ստանում են Կարմիր հրապարակում գտնվող խոհանոցից: Իսկ ընդդիմության երկրորդ մասը, որն առայժմ չի կայացել համակարգային առումով, պատրաստ է հարևանների հետ կիսել համեստ ուտեստները, սակայն դժվար թե նրանց թույլ տան հասնել մանղալին», – համոզմունք է հայտնել Մանաֆովը:

Նրա կարծիքով` Բաքվի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում նույնպես անթերի չէ:

«Օրինակ, Ռուսաստանի հետ հարաբերություններում Ադրբեջանի իշխանությունները ժամանակ առ ժամանակ ընկնում են դեռահաս միամտության գիրկը` հույս ունենալով, որ նաֆտագազային ռեվերանսները Մոսկվային օբյեկտիվության կդրդեն: Ավելին` նրանք Իրանից կախարդական միջնորդություն են սկսել ակնկալել», – նշել է Մանաֆովը:

Բանախոսի կարծիքով` Իրանին և Ռուսաստանին ոչ այսօր, ոչ էլ վաղը ձեռնտու չէ հայ-ադրբեջանական հակարամտության արագ լուծումը: «Նրանք միայն շահագրգռված են սեփական միջնորդությամբ անժամկետ բանակցությունների մեջ»:

«Ես նաև չեմ տեսնում Բաքվի ցանկությունը ցույց տալ միջազգային հանրությանը, որ իրենք իրականում հանդուրժող են Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի նկատմամբ: Իրավաբանորեն նրանք Ադրբեջանի քաղաքացի են և իրավունք ունեն արժանավայել կյանք, կայուն աշխատավարձ, Ադրբեջանի Սահմանադրության ներքո սոցիալական ապահովագրություն ունենալ», – ասել է Մանաֆովը:

Իսկ ահա հարցազրույցի վերջում նա ավելացրել է. «Թող ընթերցողը չընկալի իմ պատասխանները որպես վերջին ճշմարտություն: Դրանք ընդամենը հասարակ դիտորդի մտքեր են»:

Tekali Taxi