Home / Армения / Հայաստանի հավաքականի, կոմկուսի և ապտակի մասին. ՀՖՖ-ն նոր հին նախագահ ունեցավ

Հայաստանի հավաքականի, կոմկուսի և ապտակի մասին. ՀՖՖ-ն նոր հին նախագահ ունեցավ

Հայկական ֆուտբոլի ղեկի մոտ գալիք չորս տարվա ընթացքում կրկին կլինի Ռուբեն Հայրապետյանը: Նա այս պաշտոնում ընտրվեց երրորդ անգամ անընդմեջ՝ 4 տարի ժամկետով: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ընդհանուր ժողովին ՀՖՖ նախագահի ընտրությունը կարևորագույն իրադարձությունն էր, թեև դեռևս քվեարկությունից առաջ հասկանալի էր, որ Ռուբեն Հայրապետյանը վերընտրվելու է. նա այսօր ՀՖՖ նախագահի միակ թեկնածուն էր: Հայկական ֆուտբոլի վերջին ամիսների հաջողություններն էլ ավելի մեծ վստահություն էին ներշնչել Ռուբեն Հայրապետյանին, ով ժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ այս տարվա ընթացքում հավաքականում սերնդափոխություն է տեղի ունեցել, իսկ իր կառավարման ընթացքում ինքը ուժային մեթոդների չի դիմում, ֆուտբոլիստներին սեփական երեխաների պես սիրում է: Հայրապետյանը, այնուամենայնիվ, խոստովանեց, որ մեկ դեպքում ֆուտբոլիստի ապտակել է:

«Նրա անունը Կակոսյան է (Էդուարդ Կակոսյանը «Բանացի» ֆուտբոլիստ է – Epress.am), երեխաների ներկայությամբ իրեն թույլ տվեց հայհոյել: Ես նրան ապտակել եմ, բայց միայն նրան», – ասել է Ռուբեն Հայրապետյանը:

Ընդհանուր ժողովի ընթացքում կայացած մի շարք հարցերով քվերակություններից հետո, որոնց ժամանակ չեղան դեմ և ձեռնպահ քվերակողներ, ՀՖՖ նախագահը ասաց, որ այս ամենը հիշեցնում է ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության նիստերը, որտեղ բոլոր հարցերը միաձայն էին անցնում:

ՀՖՖ ընդհանուր ժողովի համար ՈՒԵՖԱ-ից ժամանել էր այդ կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ, Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գրիգորի Սուրկիսը, ով, ողջունելով ժողովի մասնակիցներին, մասնավորապես, նշեց հայկական ֆուտբոլի վերելքի փաստը և հույս հայտնեց, որ Հայաստանի ազգային ընտրանին կմասնակցի Ուկրաինայում և Լեհաստանում կայանալիք 2012թ. Եվրոպայի առաջնությանը: Սուրկիսը ժամանել էր մասնավոր ինքնաթիռով. նա շատ բարեհամբույր էր և բավական երկար հարցազրույց տվեց հայաստանցի լրագրողներին: Ուկրաինայի ֆեդերացիայի նախագահը տուն վերադարձավ նույն օրը:

Ռուբեն Հայրապետյանն իր ելույթում նույնպես լավատես էր: Նա նշեց, որ վերջին երկու տարվա ընթացքում հայկական ֆուտբոլում գրանցվել են թե բացթողումներ, թե դրական փոփոխություններ և հաջողություններ: Հայրապետյանի խոսքով՝ նա իր պաշտոնավարման 8 տարվա ընթացքում հավատարիմ է մնացել այն խոստմանը, որ տվել է դեռևս 2002թ., այն է՝ մանկապատանեկան ֆուտբոլի հեռանկարային զարգացումը, ֆուտբոլի առաջընթացին ուղղված ֆինանսական ներդրումների ապահովումը, դրամական շարժերի լիարժեք վերահսկումը և թափանցիկությունը, ներֆուտբոլային կյանքի կանոնակարգումն ու կարգապահությունը, առկա ֆուտբոլային ֆիզիկական ենթակառուցվածքների բարելավումն ու նորի կառուցումը, առկա ֆուտբոլային մասնագետների կատարելագործումն ու կրթումը և նոր, կարող ուժերի ներգրավումը, մասսայական ֆուտբոլի զարգացումը կամ ֆուտբոլի մասսայականացումը, ֆուտբոլային գույքային բազայի բարելավումը, կառուցվածքային բարեփոխումների իրականացում:

«Պետք է նշեմ, որ չնայած հասկանալի բարդություններին ու դժվարություններին, մնում ենք հաստատակամ և առաջնորդվում ենք դեռևս 8 տարի առաջ որդեգրած վերը նշված սկզբունքներով», – ասել է ՀՖՖ նախագահը:

Իր ելույթում Հայրապետյանը մանրամասնորեն անդրադարձել է մասսայական ֆուտբոլին, արտոնագրման համակարգին, մրցավարության ոլորտին:

«Պետք է նշեմ, որ թերևս միակ ոլորտն է, որ չնայած իմ ողջ ուշադրությանն ու խստապահանջ մոտեցմանը, դեռևս ցանկալի արդյունքների չենք հասել», – մրցավարությունից դժգոհել է ՀՖՖ նախագահը:

Նա նշել է, որ չնայած համակարգային բարեփոխումների, վերջին 4 տարվա մրցավարական արդյունքները ՀՖՖ-ին  ստիպեցին գնալու ամենախիստ և ամենավճռական քայլերի: Հիշեցնենք, որ Հայաստանի այս տարվա առաջնության վերջին հանդիպումերի ընթացքում որակազրկվել էին բարձրագույն խմբի խաղերը սպասարկող բոլոր մրցավարները, և հանդիպումները վարում էին երիտասարդները:

«Այժմ արդեն համապատասխան հանձնարականները տրված են և մենք ամենաարագ կարգով պատրաստելու ենք թե նոր երիտասարդ կադրեր և թե ընտրելու ենք գործող երիտասարդ մրցավարներից լավագույններին` առավել ինտենսիվ կրթական և մարզումային
գործընթաց ապահովելու նպատակով: Այնուամենայնիվ պետք է հայտարարեմ, որ ոչ մի հանգամանք չի կարող մեզ շեղել մեր ուղեծրից և անկախ վերը նշված հանգամանքներից` անելու եմ ամեն ինչ, որ ունենանք բարձրակարգ մրցավարություն: Եվ ունենալու ենք», – ասել է Հայրապետյանը:

ՀՖՖ նոր հին նախագահը առանձին անդրադարձ է կատարել սեպտեմբերին բացված ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն – Ակադեմիային: Նա նշել է, որ համալիրի կառուցման ժամանակ ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 12 մլն ԱՄՆ դոլար, որից 7.475.000 (62,3%) իրականացվել է ՈւԵՖԱ-ի կողմից, 400.000 (3,3%) ՖԻՖԱ-ի կողմից և  4.125.000 (34,4%) ՀՖՖ կողմից: Ծրագիրը ՀՀ կառավարության կողմից որակվել է որպես բարեգործական և ազատվել է ԱԱՀ-ից, իսկ ներկրվող գույքն ու սարքավորումները` մաքսատուրքից:

ՀՖՖ նախագահն իր հաշվետվության վերջում խոսել է մարզական ցուցանիշների մասին:

Հայրապետյանը կարծիք է հայտնել, որ Բարձրագույն խմբի վերջին երկու տարիների առաջնություններն իրենց պայքարի սրությամբ, թիմերի խաղային որակներով և մարզչական տակտիկական լուծումներով քայլ առաջ էին` համեմատած նախորդ առաջնությունների:

«Բայց միևնույն ժամանակ կարծում եմ կհամաձայնեք, որ դեռ հեռու ենք ուժեղ առաջնություն համարվելուց, և դեռ շատ անելիքներ ունենք այդ ուղղությամբ», – ասել է ՀՖՖ նախագահը:

Անդրադառնալով Ազգային հավաքականին՝ Հայրապետյանը նշել է, որ «մենք ականատեսն ենք մեր հավաքականի կայուն, գրագետ և արդյունավետ ելույթներին, որը մեզ բոլորիս մեծ հույսեր է տալիս»:

«Սակայն ես մարդկային այն տեսակին չեմ դասվում, ովքեր շատ արագ ոգևորվում և հանգստանում են ձեռք բերվածով, այլ ճիշտ հակառակը` համոզվելով մեկ անգամ ևս տարվող քաղաքականության ճիշտ ուղղության մեջ, առավել հետևողական ու խստապահանջ
սկզբունքներով շարունակելու եմ մեր ծրագրերի իրագործումը», – հայտարարել է Ռուբեն Հայրապետյանը:

Լուսանկարը՝ ՀՖՖ պաշտոնական կայքի

Tekali Taxi