Home / Армения / Դատարանն էլ մերժեց ընդդիմության հայցը

Դատարանն էլ մերժեց ընդդիմության հայցը

Այսօր Երևանի Վարչական դատարանում կայացել է ՀՀՇ կուսակցության ներկայացուցիչն ըննդեմ Երևանի քաղաքապետարանի դատավարությունը` դատավոր Բաղդասարյանի գլխավորությամբ:

Մինչ դատավարության սկիզբը հայցվոր կողմը միջնորդություն է ներկայացրել` լրագրողներին թույլ տալու տեսանկարահանել և ձայնագրել, ինչին պատասխանող կողմը չի առարկել: Սակայն դատավորը մերժել է միջնորդությունը` հիմնավորելով, որ վարչական օրենսգրքում չկա որևէ դրույթ, որով կարգավորվում է այս հարցը:

Հայցվոր կողմը ներկայացնում էր Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը` փաստաբան Վահե Հովսեփյանի հետ: Պատասխանող կողմի ներկայացուցիչն էր Քաղաքապետարանի լիազորված անձ Լուսինե Ստեփանյանը:
Դատավարության սկզբում հայցվոր կողմը` ի դեմս փաստաբան Հովսեփյանի, ներկայացրել է իր պաշտպանյալի պահանջները:

Այնուհետև հայցվոր Լևոն Զուրաբյանը սկսել է հարցեր ուղղել պատասխանողին, որի պատասխանների հիման վրա փաստել է, որ քաղաքապետարանը խախտել է օրենքով սահմանված կարգի երկու դրույթներ` քաղաքապետարանի մշակույթի բաժնի իրազեկումը Ազատության հրապարակում միջոցառում անցկացնելու մասին օրենքով սահմանված կարգով չի գրանցվել համապատասխան հատուկ գրանցամատյանում և չի փակցվել քաղաքապետարանի հասարակական իրազեկման համար նախատեսված վայրում:

Լևոն Զուրաբյանի այն հարցին, թե կարող է ընդդիմությունը մի քանի օր իրար հետևից հանրահավաքներ անցկացնել, պատասխանողը նշել է, որ յուրաքանչյուրը կարող է դիմել շարունակական միջոցառումների համար:

Հարց ու պատասխանից հետո կողմերը հանդես եկան ճառերով, որից հետո դատարանը գնաց խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու:

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Վահե Հովսեփյանը, դատարանը հերթական անգամ մերժել է ընդդիմության հայցը` հիմք ընդունելով, որ սույն օրը` 2010թ. դեկտեմբերի 10-ին, այլ միջոցառման իրազեկում է կա:

Հիշեցնենք, որ Հայ Ազգային Կոնգրեսը ավելի քան 40 դիմում է ներկայացրել Քաղաքապետարան` Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ, և բոլոր դեպքերում մերժվել է:

Tekali Taxi