Home / Հայաստան / Ռուսաստանը ջավախահայերին չի ֆինանսավորել, պնդում են Ջավախքում

Ռուսաստանը ջավախահայերին չի ֆինանսավորել, պնդում են Ջավախքում

Ջավախքում հերքել են Wikileaks-ի հրապարակած հաղորդագրությունն այն մասին, թե Ռուսաստանը ֆինանսավորում է տեղի ազգայնամոլ հայերին:

Հիշեցնենք, որ երեկ Wikileaks-ը հաղորդագրություն էր հրապարակել այն մասին, թե Թբիլիսիում և Ախլքալաքում գործող վրացի պաշտոնյաները, ինչպես նաև տեղական համայնքի առաջնորդները և քաղաքական ակտիվիստները հաստատել են, որ Ռուսաստանի կառավարությունը ֆինանսավորում է ծայրահեղական ազգայնամոլ հայերին Ջավախքում` ցանկանալով ապակայունացնել իրավիճակը բազմազգ, քաղաքական առումով խոցելի տարածաշրջանում:

Նամակում նշված էր, որ լարվածությունը սկսել է աճել 2006 թվականի մարտին, երբ Ախլքալաքում բողոքի ակցիաներ են սկսվել Ծալկա քաղաքում էթնիկ հայի սպանության հետևանքով: Մայիսի 2-ին մարդիկ բողոքել են տարածաշրջանում գտնվող Ռուսաստանի ռազմակայանը հանելու կապակցությամբ:

Չգրանցված «Վիրք» կուսակցության ղեկավար Դավիթ Ռստակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ իրենք ակտիվորեն մասնակցել են այդ ցույցերին, սակայն կտրականապես հերքեց, թե Ռուսաստանի կողմից ֆինանսավորվել են:

«Ես կտրականապես հերքում եմ, որ այդ ֆինանսավորումն անցած լինի իմ և իմ շրջապատի մարդկանց միջև, որովհետեւ դա չեմ նկատել: Իսկ ինչ վերաբերում է, որ ուրիշ մարդիկ են եղել այս պրոցեսներին խառը, այլ կարգի կազմակերպություններ, ես այդպիսի մարդկանց չեմ կարող ասել` եղել է, չի եղել, ես միայն պատասխան եմ տալիս այն մարդկանց շրջանակներում, որոնք իրոք ջավախքահայերի շահերին են կանգնած եղել` այդ մարդկանց համար երաշխավորում եմ ուղղակի», – ասել է Ռստակյանը:

«Ճիշտն ասած, ես չգիտեմ` ինչ աղբյուրների վրա է հիմնվում դեսպանատունը, որ այդպիսի ինֆորմացիա տվել է կամ չի տվել: Միտինգները միշտ էլ Ջավախքում եղել են բանակի դուրս գալու վերաբերյալ, ընդ որում` ես կարծում եմ, որ իրենց` ջավախքցիներին էր առաջին հերթին պետք, որ այս բազան տարածաշրջանից դուրս չգար, որովհետեւ իրենք միշտ երաշխիք են տվել բազայի ներկայությամբ բավականին Ջավախքում, այնպես որ` ես չեմ հասկանում, թե տրամաբանությունը որն է, որ ռուսները պետք է ֆինանսավորեին` մենք մեր ազգային շահե՞րը պահեինք», – ասել է ջավախահայ գործիչը` հավելելով.  «Աղբյուրները, որ այդ մարդիկ ունեն` ում են ֆինանսավորել, ինչ են արել, իրենք պետք է երեւի ավելի բաց այդ մասին ասեն, եթե փաստեր ունեն, եթե փաստեր չկան` իմաստը ո՞րն է այդպես ենթադրելով այդ մասին խոսել»:

«Նորից կրկնում եմ, ինչ վերաբերում է միտինգներին` դա ջավախքահայերիս էր պետք, և հետագայում, երբ ռուսական բազան Ջավախքից հեռացավ, կյանքը ապացուցեց, որ, այո, նա ոչ միայն անվտանգության երաշխիք էր, այլեւ կերակրում էր շատ ու շատ Ջավախքի ընտանիքների», – նշել է Դավիթ Ռստակյանը:

Tekali Taxi