Home / Հայաստան / Մարտի 1-ի և հոկտեմբերի 27-ի էջերը փակված չեն. Դեմիրճյան

Մարտի 1-ի և հոկտեմբերի 27-ի էջերը փակված չեն. Դեմիրճյան

Այսօր կառավարության նիստերի դահլիճում անցկացվեց ՀԺԿ 7-րդ համագումարը: Համագումարին մասնակցում էին Հայ ազգային կոնգրեսի բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները` ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը, ՀԿԿ ղեկավար Ռուբեն Թովմասյանը, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները:

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն իր ելույթում պահանջեց իշխանություններից անհապաղ ազատել քաղբանտարկյալներին: Խոսելով այն հայտարարությունների մասին, թե մարտի մեկի էջը փակված, է, Դեմիրճյանն ասել է.

«Մարտի մեկի էջը փակված չի և պատասխան պիտի տրվեն ոչ միայն այդ, այլև մյուս բոլոր հանցագործությունների համար: Փակված չի նաև հոկտեմբերի 27-ի էջը և չի կարող փակվել», – հայտարարել է ՀԺԿ առաջնորդը:

Նրա խոսքով` Հայաստանը չի զարգանում, քանի որ երկրում առկա է քրեաօլիգարխիկ համակարգ, որից պետք շուտափույթ ազատվել:

Դեմիրճյանը խոսեց նաև իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մասին, որը համարեց ձախողված: Դեմիրճյանը պատրաստակամություն հայտնեց նաև համագործակցել ոչ միայն ՀԱԿ-ի, այլև ՀԱԿ-ից դուրս այլ ուժերի հետ, ովքեր պայքարում են Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման համար:

ՀԺԿ համագումարին ՀԱԿ-ից ելույթ ունեցան նաև Արամ Մանուկյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Երվանդ  Մանարյանը, իսկ ոչ ՀԱԿ-ի անդամ ուժերից ելույթ ունեցան Արամ Կարապետյանը, Ստեփան Սաֆարյանը:
ՀԱԿ-ի ներկայացուցիչները նշեցին, որ իրենց ընդհանուր պայքարը  ՀԱԿ-ի կազմում համարում են արդյունավետ: Նրանք վստահություն հայտնեցին, որ այդ պայքարում վաղ թե ուշ իրենք հաղթանակած են դուրս գալու:

Tekali Taxi