Home / Армения / Նոր տարուց առաջ ձուն չի թանկանալու, խոստանում է «Լուսակերտ»-ի տնօրենը

Նոր տարուց առաջ ձուն չի թանկանալու, խոստանում է «Լուսակերտ»-ի տնօրենը

Ամռան ամիսներին տեղի է ունեցել ձվի գների անկում, իսկ հիմա այդ գները պարզապես վերականգնվում են, այլ ոչ թե բարձրանում: Այսօր մամուլի ասուլիսին այս մասին տեղեկացրել է «Լուսակերտ» ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Մանասե Եփրեմյանը:

«Այժմ ունենք ստաբիլ, նորմալ վերականգնված գներ»,- փաստել է նա:

Եփրեմյանը բացատրել է նաև, թե ինչու էր տեղի ունեցել ձվի գնի իջեցում:

«Գներն իջան, որովհետև մեր արտադրողներերը սխալ քաղաքականություն դրսևորեցին: Տնտեսագիտության մեջ կան դեպքեր, երբ անհրաժեշտ է գերարտադրության դեպքում ոչ թե իջեցնել այս կամ այն ապրանքի գինը, այլ պարզապես ոչնչացնել գերարտադրանքը: Եթե մեր արտադրողներն այսպես վարվեին, այսօր հասարակության մեջ չէր լինի նման մեծ հետաքրքրություն այս հարցի վերաբերյալ»,- ասել է Մանասե Եփրեմյանը:

ՀՀ «Սպառողների ասոցիացիայի» տնօրեն Արմեն Պողոսյանն էլ, իր հերթին, նշել է, որ ամռանը գրանցված ձվի գնի անկումը հատուկ է արվել, որպեսզի այլ մրցակիցներ, չդիմանալով մրցակցությանը, դուրս գան շուկայից:

«Սա տնտեսագիտության մեջ կոչվում է դեմփինգ, այն իրագործվում է, որպեսզի մրցակիցը, վնասվելով, շուկայից դուրս մնա»,- ասել է բանախոսը:

Մանասե Եփրեմյանը խորհուրդ է տվել Պողոսյանին զերծ մնալ այդ տերմինն օգտագործելուց, քանի որ այն օգտագործվում է արտաքին շուկայի դեպքում: «Մեզ մոտ դեմփինգ չկա»,- հայտարարել է նա:

Լրագրողի  հարցին, թե արդյոք գների փոփոխման հրամանը տրվել է «վերևերից», Եփրեմյանը կատակով է պատասխանել. «Իմ համար վերևը իմ զոքանչն ա, նա նման բան չի ասել: Իսկ եթե ավելի լուրջ, որևէ հրաման-կարգադրություն չկա»:

Եփրմյանը տեղեկացրել է նաև, որ Ամանորի նախօրեին ձվի գները լինելու են 50-60 դրամի սահմաններում: «Պաշտոնապես հայտարարում եմ` մի լումա չի ավելանալու Նոր Տարվա շեմին»,- ասել է նա:

Tekali Taxi