Home / Армения / Սփյուռքն իրավունք չունի Հայաստանի իշխանություններին որոշումներ թելադրել. փորձագետ

Սփյուռքն իրավունք չունի Հայաստանի իշխանություններին որոշումներ թելադրել. փորձագետ

Հայկական սփյուռքը նկատելի ազդեցություն ունի Հայաստանի վրա, իսկ Սփյուռքի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության և 1915 թ. ցեղասպանության հարցում բավական կոշտ է, և այդ կարծիքի հետ չի կարող հաշվի չնստել Հայաստանի ղեկավարը: Այս մասին ադրբեջանական Trend-ի հետ հարցազրույցում ասել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը, ով մասնակցում էր Բաքվում ընթացող Հարավային Կովկասում անվտանգության խնդիրներին վերաբերող միջազգային ֆորումին: 

«Հայկական սփյուռքն այնքան ուժեղ է, որ ազդում է ոչ միայն հայկական հարցին վերաբերող խնդիրների վրա, այլ նաև այնպիսի հարցերի, որոնց մեջ ինքը անմիջական հետաքրքրություն չունի»:

Գրիգորյանի խոսքով` անհրաժեշտ է տարանջատել ֆինանսական օգնության և քաղաքական ու հոգևոր  ազդեցության հասկացությունները:

«Հայաստանի ժողովրդի համար, ինչպես իրենք են ներկայացնում, ավելի կարևոր է լոբբիստական քաղաքականությունը դրսում, քան ֆինանսական օգնությունը: Բայց, միաժամանակ ոչ ոք չպետք է կարծի, թե իրավունք ունի Հայաստանի իշխանություններին դրսից թելադրել ինչ-որ որոշումներ»,- կարծում է փորձագետը:

Քաղաքագետի կարծիքով` հայկական և թուրքական կողմերը պետք է այնպիսի ռազմավարություն մշակեին, որ Ադրբեջանին շահագրգռեին մասնակցություն ունենալ երկկողմ հարաբերությունների բարելավման մեջ` նրան ինչ-որ խթանող բան առաջարկելով: «Չնայած ինձ թվում է, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա նկատելիորեն կնվազեր, ինչը, իր հերթին, դրականորեն կանդրադառնար տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վրա»:  

Նրա խոսքով` թե Հայաստանին, թե Ադրբեջանին շահավետ չէ տարածաշրջանում  որևիցե երկրի գերիշխող դիրքը, «քանի որ դա անխուսափելիորեն կբերի մեր ինքնավարության նվազեցմանը»:

Tekali Taxi