Գլխավոր / Армения / WikiLeaks-ը չի կարող մթագնել թուրք-ադրբեջանական հարաբերությունները

WikiLeaks-ը չի կարող մթագնել թուրք-ադրբեջանական հարաբերությունները

WikiLeaks-ի կողմից հրապարակված գաղտնի փաստաթղթերը չեն կարող ազդել Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վրա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քիլիչը:

«Ես չեմ կարծում, որ այն տեղեկատվությունը, որը հրապարակվել է WikiLeaks-ի կողմից, բացասաբար կազդի Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների վրա», — հայտարարել է Քիլիչը:

Թուրքական Today’s Zaman-ը նշում է, որ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը խոսել է WikiLeaks-ի այն փաստաթղթերի մասին, որոնցում ԱՄՆ դիվանագետները մեջբերել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսքերը մասնավոր զրույցների ժամանակ:

Ալիևը նշել էր, որ Թուրքիան «միամիտ» արտաքին քաղաքականություն է վարում, իսկ այդ երկրի նախաձեռնություններն անվանել է «ձախողում»: ԱՄՆ Պետդեպի գաղտնի փաստաթղթերում առկա այս տեղեկատվությունն ավելի վաղ հերքել էր Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը, ով նշել էր, որ Ադրբեջանի նախագահը դիվանագետների հետ հանդիպումների ժամանակ չի խոսում երրորդ երկրների մասին: