Home / Армения / ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով` ՀԱԿ-ը ֆիասկո է ապրում

ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով` ՀԱԿ-ը ֆիասկո է ապրում

Երկրում իրավիճակը բավական լարված է, ոչ միայն քաղաքական առումով, այլև սոցիալ-տնտեսական: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը:

Նա նաև նշել է, որ տնտեսական ոչ բարվոք վիճակի համար հիմնական պատասխանատուն լինելու է  իշխանությունը և ոչ թե ընդդիմությունը: Խաչատրյանի խոսքով, իշխանությունը այն ծրագրերը,  որ մինչև ընտրությունները խոստացել են իրականացնել, ինքն առայժմ չի տեսնում:

Ասուլիսի մեկ այլ մասնակից ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը չի համաձայնել Խաչատրյանի հետ: Նա նշել է, որ նույնիսկ տնտեսական ճգնաժամի հաղթահարման միտումներ կան:

Վարդան Խաչատրյանը հակադարձել է` ասելով, որ տնտեսական ճգնաժամի ժամանակ էլ իշխանությունները հայտարարում էին, որ այն կշրջանցի Հայաստանը, սակայն այդպես տեղի չունեցավ: Պատգամավորի խոսքով` այն փաստը, որ օրեցօր ավելանում է գնաճը և մեծանում է  արտագաղթողների թիվը, չի կարող համարվել տնտեսական ճգնաժամի հաղթահարման միտում:   

Վարդան Խաչատրյանն անդրադարձել է նաև 2012թ. կայանալիք ԱԺ ընտրություններին` չբացառելով, որ ընդդիմադիր թևում ինչ-որ միավորումներ և վերամիավորումներ կլինեն: Նա, այնուամենայնիվ, չի հստակեցրել, թե որ ուժը որի հետ կմիավորվի:

Նույն հարցի մասին խոսելով` Մելիքյանն ասել է, որ ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ն խնդիր է դրել հաղթելու և հասնելու է իր նպատակին:

Անդրադառնալով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հնարավորություններին` Գագիկ Մելիքյանը հայտարարել է.  «ՀԱԿ-ը, կարծես, ֆիասկո է ապրում»:

Նման հայտարարությունը նա պատճառաբանել է նրանով, որ «ՀԱԿ-ի այն տրամադրությունները, որ իշխանությունները կձախողվեն արտաքին քաղաքականության մեջ, տապալվեցին»:

Մելիքյանը կարծիք է հայտնել է, որ իշխանությունները ոչ միայն չեն տապալվել արտաքին քաղաքականության մեջ, այլև որոշակի առաջընթաց են արձանագրել:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով` այս պահին ՀԱԿ-ը փնտրտուքի մեջ է` իր ճանապարհը որոշելու համար:

Tekali Taxi