Home / Армения / «Լուժկովի էֆեկտը»… արդյո՞ք Բեգլարյանի դեմ քրեական գործ կհարուցվի

«Լուժկովի էֆեկտը»… արդյո՞ք Բեգլարյանի դեմ քրեական գործ կհարուցվի

Վերջին օրերին տեղի ուենցած սրընթաց զարգացումները, որոնք բերեցին ՀՀ նախագահի արարողակարգի բաժնի պատասխանատու Արամ Կանդայանին ծեծի ենթարկած Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականին, այսօրվա հայաստանյան մամուլի հիմնական թեման է:

«Հայկական օրաթերթը» «Չոռնի Գագոն այլևս նախկին քաղաքապետ է» հոդվածում նշում է, որ ՀՀ իշխանությունները պարտավոր են խնդրին իրավական լուծում տալ: «Մասնավորապես, իրավապահները պարտավոր են քրեական գործ հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի, ասենք` 309 («Պաշտոնական լիազորություններն անցնելը») կամ 113 («Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը») հոդվածներից որևէ մեկի հատկանիշներով` Գագիկ Բեգլարյանին ներգրավելով որպես մեղադրյալ: Տուժողը և նրան ծեծողը պետական պաշտոնյաներ են, ուստի դեպքը պարտավոր է քննել ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: ՀՔԾ-ից մեր թղթակցին երեկ ասել են, որ նշված միջադեպի հետ կապված որևէ գործ դեռևս չի քննվում», – նշում է օրաթերթը:

«Չոռնին խաբել է շեֆին» հոդվածում «Հայկական ժամանակը» մի շարք մանրամասներ է ներկայացնում Բեգլարյան-Կանդայան միջադեպի մասին: Նշվում է, որ երեկ Գագիկ Բեգլրայանն իր «կանալներով» փոխանցել է Սերժ Սարգսյանին, որ ինքը Կանդայանին չի ծեծել, սակայն երբ ՀՀ նախագահն իր մոտ է կանչել Կանդայանին և տեսել նրան դեմքի կապտուկները, ավելի է վրդովվել: Բեգլարյաննն իր մերձավորների շրջանում հայտարարել է, որ ոչ ներողություն է խնդրելու (օրաթերթի տեղեկություններով` նախագահականից պահանջել էին ներողության տեքստը տարածել մամուլի ծառայության միջոցով), ոչ էլ հրաժարական է տալու:

«Բայց աղմուկը» շատ մեծ էր, բացի այդ, Սերժ Սարգսյանի փեսան` Միքայել Մինասյանը (Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ) պնդել է, որ Բեգլարյանն իր արարքով ապտակ է հասցրել անձամբ Սերժ Սարգսյանին»,- գրում է «Հայկական ժամանակը»:

Օրաթերթը նաև տեղեկություններ է հաղորդում, որ երեկ ուշ երեկոյան Սերժ Սարգսյանը, այունուամենայնիվ, Բեգլարյանի դեմ քրքործ հարուցելու հրահանգ է իջեցրել:  

«Գագիկ Բեգլարյանի հրաժարականը թերևս կարելի է ամպրոպ համարել խաղաղ երկնքում», – գրում է «Ժամանակ» օրաթերթը:

«Դա դեռ ոչինչ չի նշանակում հոդվածում» նշվում է, որ Գագիկ Բեգլարյանի դեպքը մի կողմից կարող է նախադեպ լինել, բայց մյուս կողմից էլ` հենց հաստատում է հասարակության պատկերացումը թե նույն Բեգլարյանի, թե իշխանության բարձրաստիճան այլ ներկայացուցիչների ամենաթողության մասին վկայող նախկին դեպքերի համատեքստում:

«Հենց դա է գլխավոր հարցն այսօր, թե արդյոք իշխանության մեջ ընդամենը թևերի պայքար և հաղթանակ է եղել, թե տեղի է ունեցել մոտեցումների, գործելաոճի, օրենքի թեկուզ փոքր, բայց հաղթանակ: Իշխանությունը դեռ ոչ մի բան չի ապացուցել հանրությանը, այլ թերևս առավել բորբոքել է հարցերը, որոնց ստիպված է պատասխաններ տալ և հնարավորինս շուտ ու արդյունավետ», – նշում է օրաթերթը:

«Հրապարակը», վերլուծելով սկանդալային իրադարձությունները, նշում է, որ Սերժ Սարգսյանն անընդունելի և անհանդուրժելի հայտարարեց իր արարողակարգի վարչության պետի տեղակալ Արամ Կանդայանին ծեծի ենթարկած քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի պահվածքը և պահանջեց նրա հրաժարականը, իսկ երբ նույն հանրապետականները բռնություն էին կիրառում ընտրատեղամասերում, Սերժ Սարգսյանը դա չդատապարտեց:

«Ավելին, Սերժ Սարգսյանը մինչև վերջ անընդունելի չհամարեց անգամ մարտի 1-ին ժողովրդի վրա կրակելու որոշումը, անընդունելի չէ, երբ ցույցերի ժամանակ հատուկ ջոկատայինները կարող են ծեծի ենթարկել երիտասարդին, տարեց կնոջը կամ տղամարդուն», – ասված է «Ում կարելի է ծեծել, ում` ոչ» հոդվածում:

«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է, որ Բեգլարյանի հրաժարականից հետո Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ այցելել է նախագահական նստավայր: Այստեղ որոշվել է, որ նա պետք է ստանձնի Բեգլարյանի պաշտոնը, այսինքն` լինի Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Մարգարյանը համաձայնել է: Ըստ օրաթերթի տեղեկությունների` քաղաքապետարանի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ այսօր պատրաստվում են հրաժարականի դիմումներն ներկայացնել:

«Լուժկովի էֆեկտը» վերնագրված հոդվածում «168 ժամը» համոզմունք է հայտնում, որ Բեգլարյանի հրաժարականն աննախադեպ և որակական առումով նոր քայլ է Հայաստանի քաղաքական կյանքում:

«Բեգլարյանի հրաժարականով իշխանությունն` ի դեմս Սերժ Սարգսյանի,ցույց տվեց, որ ի վերջո քաղաքական կամք ունի երկրոում ամենաթողությանը դիմակայելու համար: Իրականում, Սարգսյանը ոչ թե պաշտպանեց իր աշխատակազմի ներկայացուցչին` զոհաբերելով քաղաքական թիմի անդամին, ինչպես երեկ փորձ էր արվում ներկայացնել ոմանց կողմից, այլ ցույց տվեց, որ ամեն ինչ սահման ունի», – գրում է պարբերականը:

Tekali Taxi