Home / Армения / Պատգամավորը համոզված է` ԼՂՀ անկախության ճանաչումը մնում է բախտի քմահաճույքին

Պատգամավորը համոզված է` ԼՂՀ անկախության ճանաչումը մնում է բախտի քմահաճույքին

Ցավոք սրտի, խորհրդարանական մեծամասնությունն իր վրա է վերցրել Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին օրինագիծը տապալելու համարձակությունը:  Epress.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովում այսօր չընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած օրինագիծը, քանի որ պատգամավորների մեծամասնությունը հրաժարվեց սատարել այն:

Օրինագծին կողմ քվեարկեցին միայն «Ժառանգության» և «Դաշնակցության» 13 ներկայացուցիչներ: Կոալիցիոն քաղաքական ուժերը չմասնակցեցին քվեարկությանը:

Տապալումը, պատգամավորի խոսքերով, նշանակում է, որ Արցախի անկախության հարցը չի քննարկվի ՀՀ ԱԺ-ում.

«Այն կքննարկվի Լ’Ակվիլայում, լավագույն դեպքում` Աստանայում, բայց մեր շահերի դեմ»:

Տապալման ու դրանից բխող բոլոր հետևանքների համար պատասխանատվությունն, ըստ Սաֆարյանի, ընկնում է իշխանությունների վրա:

«Ղարաբաղի անկախության ճանաչումը թողնվում է բախտի քմահաճույքին», – եզրափակեց Ստեփան Սաֆարյանը:

Tekali Taxi