Home / Հայաստան / Բեգլարյանի մեղավորությունը պետք է որոշվեր դատարանում. Րաֆֆի Հովհաննիսյան

Բեգլարյանի մեղավորությունը պետք է որոշվեր դատարանում. Րաֆֆի Հովհաննիսյան

«Շահեկան է, երբ իշխանությունը փորձում է օրենքի տառը կիրառել գործող պաշտոնյաների նկատմամբ, բայց ես նախընտրելի կհամարեի, որ սա ունենար իրավական բնական ընթացք, որ ոտնձգության ենթադրյալ զոհերը դիմեին իրավապահ մարմիններին և դատական կարգով որոշվեր մեղավորության հարցը, որի հիման վրա արդեն գործադիր իշխանությունը, նախագահական նստավայրը կարող էր քայլեր կատարել». այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն այսպես է մեկնաբանել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի և նախագահի աշխատակազմի աշխատակցի միջև տեղի ունեցած միջադեպն ու Բեգլարյանի` դրան հաջորդած հրաժարականը:

Որպես իրավիճակային հակազդեցություն Րաֆֆի Հովհաննիսյանը դա ողջունելի է համարում, բայց, նրա խոսքով, դա իրավական արժեք և բովանդակություն չի կազմելու այնքան ժամանակ, քանի դեռ չի դարձել օրենքի իշխանության և այդ գործընթացի կիրառման արտացոլանք:

«Ժառանգության» հիմնադիրը նշել է նաև, որ բազմաթիվ մարդիկ են ծեծվում պաշտոնյաների կողմից, սակայն քանի որ զոհը մոտիկ չէ իշխանություններին և պետական պաշտոնյա չէ, այդ դեպքերը երբեք մամուլի ասուլիսների, հասարակական քննարկումների և դատական նիստերի թեմա չեն դառնա:

«Հարյուրավոր դեպքեր կան սրանից առաջ, նույնքան կարևոր, որքան այս հարցերն էին, որ պետք է նույնպես իրենց լուծումը գտնեին: Եթե սա ազդակ է ապագա աշխատաձևի համար, ապա շատ լավ է, բայց սա պետք չէ կլանային, կուլիսային որոշումների արտացոլանք լինի, այլ պետք է օրենքի տառի հավասար կիրառման գրավական դառնա», – եզրափակել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Tekali Taxi