Home / Армения / Հայաստանում մարդու իրավունքների նկատմամբ չկա հարգանք. իրավապաշտպան

Հայաստանում մարդու իրավունքների նկատմամբ չկա հարգանք. իրավապաշտպան

Մեր երկրում չկա մի մարմին, որտեղ քաղաքացիների իրավունքները չխախտվեն: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը` Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

Սաքունցը նշել է քաղբանտարկայլների առկայության փաստը, ոստիկանությունում մարդկանց խոշտանգումները, զորամասերում զինծառայողների սպանությունները` տեղեկացնելով, որ տարին դեռ չլրացած արդեն 42 զինծառայողի մահ է գրանցվել:

«Խախտումները կատարողները պաշտպանվում են, հովանավորվում են իրավապահ և դատական իշխանությունների կողմից: Այդ երկրում (որտեղ նման բան է տեղի ունենում), պետք է ասել, որ մարդու իրավունքների նկատմամբ չկա հարգանք»,- ասել է Սաքունցը:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Ռուստամ Մախմուդյանը տեղեկացրել է, որ այս տարի իրենց գրասենյակ մուտքագրվել է մոտ 4000 դիմում-բողոք, և քաղաքացիները հիմնականում դժգոհում են ոստիականությունից, դատարաններից, սոցիալական խնդիրներից, քաղաքապետարանից:

«Մարդու իրավունքների պաշտպանը չէ, որ հանդիսանում է բոլոր հիվանդությունների միակ դեղամիջոցը և այս իրավունքների վերականգնման գործընթացում պետք է ներգրավված և համախմբված լինենք բոլորս», – ասել է Մախմուդյանը:

Իրավապաշտպան Էդմոն Մարուքյանը, իր հերթին, անդրադարձել է քրեակատարողական հիմնարկների գործունեությանը:

Մարուքյանի խոսքով` այնտեղ շատ վատ վիճակ է տիրում, քանի որ 8 հոգու համար նախատեսված խցում մնում են 20 հոգի, որոնք քնում են հերթափոխով` 3 ժամը մեկ անկողինը զիջելով մեկ այլ կանալավորի: Իրավապաշտպանը նշել է, որ մինչև 2008թ. ՔԿՀ-ներում բարեփոխումներ իրականացվում էին, սակայն 2008թ. մարտի մեկից հետո վիճակը վատացել է:

Նա նշել է, որ ոստիկանությունում խոշտանգումների դեպքեր շատ են հանդիպում: Որպես օրինակ Մարուքյանը պատմել է, որ Տաշիրում մի երիտասարդի, ով 5000 դրամ պարտք է եղել պանրի համար, ոստիկանությունում ծեծի են ենթարկել, և ծեծողը եղել պարտատիրոջ որդին:

Մարուքյանը տեղեկացրել նաև, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն իր մի նամակով, առանց դատարանի որոշման 28 օր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անազատության մեջ է պահել մի քաղաքացու: Այս առիթով իրավապաշտպանները մի քանի անգամ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` պահանջելով քրեական գործ հարուցել դատախազի տեղակալի և «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի նկատմամբ, սակայն մինչ այժմ պատասխան չեն ստացել:

Tekali Taxi