Home / Армения / «Ռուսաստանը` ռուսների համար», «Ք… Կովկասը». Մոսկվայի ակցիան` որպես սադրանք

«Ռուսաստանը` ռուսների համար», «Ք… Կովկասը». Մոսկվայի ակցիան` որպես սադրանք

Ինտերնետում տեղեկատվություն է տարածվել այն մասին, թե ի պատասխան Մոսկվայում ֆուտբոլային երկրպագուների ու ազգայնականների կազմակերպած անկարգությունների` դեկտեմբերի 15-ին կովկասյան սփյուռքը մտադիր է ակցիա կազմակերպել:

Ֆուտբոլային երկրպագուների ֆորումներում կովկասյան սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ կոչ են անում պատասխան նախաձեռնությամբ հանդես գալ և դեկտեմբերի 15-ին հավաքվել «Եվրոպեյսկի» առևտրի կենտրոնի դիմաց:

Տվյալ հայտարարությունն ուղեկցվում էր «Վ կոնտակտե» հասարակական կայքում համակարգող խմբին հղումով, սակայն հղումն իրականում տանում է դեպի գոյություն չունեցող էջ:

Իրավապահ մարմինների աղբյուրը «Ինտերֆաքս» գործակալության հետ զրույցում այդ հայտարարությունը սադրանք է անվանել: «Մենք տեղյակ ենք ինտերնետում շրջանառվող այդ հաղորդագրությունների մասին, այդ առնչությամբ կապ ենք հաստատել ազգային սփյուռքի ներկայացուցիչների հետ, ովքեր հերքել են զանգվածային ակցիա կազմակերպելու մասին լուրերը», – ասել է գործակալության զրուցակիցը:

Իրավապահ մարմինների տվյալներով` այդ «սադրիչ» հայտարարությունների հետևում կարող են կանգնած լինել ազգայնական ուղղվածության կազմակերպությունների առաջնորդները:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, «Սպարտակի» սպանված երկրպագու Եգոր Սվիրիդովի հիշատակին նվիրված ակցիան Մոսկվայի կենտրոնում շաբաթ օրը վերաճել է զանգվածային անկարգությունների: Ըստ պաշտոնական տվյալների` ակցիային մասնակցել է ավելի քան 6 հազար մարդ: Անկարգությունների հետևանքով տուժել են տասնյակ մարդիկ, ավելի քան 60 մարդ ձերբակալվել է:

Կիրակի մոտ 5 հազար երկրպագուներ չարտոնագրված ցույց են կազմակերպել Մոսկվայի Մանեժնայա հրապարակում: Այստեղ գտնվող ՕՄՈՆ-ի աշխատակիցները փակել են դեպի Կարմիր հրապարակ տանող ուղիները:

Հավաքվածները վանկարկում էին «Ռուսաստանը` ռուսների համար», «Մեկը` բոլորի, բոլորը` մեկի համար», «Ք… Կովկասը» կարգախոսները:

«ՐԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում տեղի ունեցածի իր գնահատականն է տվել «Միացյալ Կովկաս երիտասարդական ասամբլեայի» ղեկավար Հայկազ Միքայելյանը.
«Այս ամենի մեջ շատ արհեստականություն կա: Հեռավոր երկրներից ներգաղթյալները հանգիստ գալիս ու աշխատում են Ռուսաստանում: Իսկ քսի են տալիս հիմնականում այն երկրներին, որոնք սերտ պատմական և քաղաքական կապեր ունեն Ռուսաստանի հետ և ապրում են նրա սահմանների մոտ: Միջէթնիկ ատելությունը նույնքան «տեխնոլոգիական» է թվում, որքան Ղրղզստանում, Ուկրաինայում, Վրաստանում գրանցված անկարգությունները:
Ռուսաստանում սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ այժմ խուճապի մեջ են: Մեր կազմակերպությունը փորձում է հանդարտեցնել բոլորին: Սակայն ի՞նչ տեղի կունենա, եթե դրան հետևի այն մարդկանց արձագանքը, որոնց վրա հիմա հարձակվում են: Ես դժվարանում եմ կանխատեսումներ անել:

Կարծում եմ` պատասխան գործողություններ չեն հետևի. կովկասյան սփյուռքի մեծամասնությունը որոշակի հեղինակություն է վայելում` դեմս ավգանիների: Համոզված եմ` նրանք թույլ չեն տա կազմակերպել նման բան:

Ներքին տարաձայնությունները հաղթահարելու համար մեզ պետք է ընդհանուր ազգային գաղափար: Նայեք եվրոպացիներին. նրանք հավաքվում են ընդհանուր գաղափարների շուրջ: Մեզ մոտ դա առայժմ բացակայում է»:

Tekali Taxi