Գլխավոր / Армения / ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի գործունեությունը քաղաքական կոռուպցիայի վառ դրսևորում է. ՀԱԿ

ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի գործունեությունը քաղաքական կոռուպցիայի վառ դրսևորում է. ՀԱԿ

Շաբաթներ շարունակ հայկական հեռուստաեթերը ողողված է կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների սոցիալական ուղղվածության, իրենց իսկ բնորոշմամբ «միջոցառումների»լուսաբանմամբ: Այսպես է սկսվում Հայ Ազգային Կոնգրեսի
Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնախմբի հայտարարությունը, որը նվիրված է առողջապահության ոլորտի գործընթացներին:

«Կարծես զգալով վերահաս համապետական արտահերթ ընտրությունների շունչը, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն սկսել են հերթական անգամ «անվճար» հայտարարված բուժօգնություն իրականացնել մարզերում և Արցախում` մտնելով զավեշտի հասնող մրցապայքարի մեջ: Բազմաթիվ մասնագետներ, թողած իրենց հիմնական աշխատավայրերը և պատասխանատու գործառույթները, խորհրդային ժամանակներին բնորոշ կամավոր-ստիպողական սկզբունքով մեկնում են մարզեր: Այցելություններն ուղեկցվում են կուսակցական հայտնի դեմքերի մասնակցությամբ, որոնք հեռուստախցիկների առջև պաթետիկ ելույթներում պարտադիր նշում են իրենց կուսակցության և նրա ղեկավարի դերն ու նշանակությունը միջոցառման կազմակերպման գործում: Բժշկի անչափ գնահատելի մասնագիտական գործունեությունը բժշկելու մարդասիրական գործից վերածվում է քաղաքական անընդունելի պատվեր-շոուի: Իսկ կատարված ծախսերի համեմատ ցածր արդյունավետության կարճաժամկետ այդ ակցիաները ոչ մի աղերս չունեն մարզերում առողջապահական համակարգի վատ վիճակը շտկելու կամ էլ սոցիալապես անապահով խավին օգնելու հետ», – ասված է հայտարարության մեջ:

ՀԱԿ-ը նշում է, որ միջոցառումների կազմակերպիչը` ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ձևավորած կոալիցիոն կառավարությունն է, որ տարիներ շարունակ իր ծրագրերում հռչակում է մարզային առողջապահության զարգացման անհրաժեշտության, բուժօգնության մատչելիության ու որակի բարելավման մասին և պատասխանատվություն են կրում երկրում վարվող սոցիալական քաղաքականության, մասնավորապես առողջապահական խնդիրների լուծման համար:

«Ուստիև ժամանակ առ ժամանակ կազմակերպվող այս շոուները, ըստ էության, խոստովանություն են վարվող սոցիալական քաղաքականության տապալված լինելու մասին», – նշում են հայտարարության հեղինակները:

Խիստ կասկածելի համարելով այս գործունեության և դրա ֆինանսավորման օրինականությունը` ՀԱԿ-ը զերծ է մնում իրավական գնահատականներ տալուց, բայց նշում է, որ այսօրինակ քայլերով ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ի չիք են դարձնում մարզային առողջապահության զարգացմանն ուղղված պետական, այդ թվում` վարկային ծրագրերի իրականացման կարևորությունը:

«Ավելին, այդ քայլերը լրջագույն մարտահրավեր են Սահմանադրությամբ սոցիալական և իրավական հռչակված Հայաստանի Հանրապետության պետականությանը, քանի որ հիմք են դնում արատավոր ու շատ վտանգավոր ավանդույթի, այն է պետական գործառույթների ուզուրպացիա՝ ի շահ կուսակցական խնդիրների, ինչը կարելի է բնութագրել որպես քաղաքական կոռուպցիայի վառ դրսևորում», – եզրակացնում են հայտարարության հեիղնակները:

Tekali Taxi