Գլխավոր / Армения / Փաշինյանի կինը գիտի` ինչ սցենարով կընթանա ամուսնու գործը

Փաշինյանի կինը գիտի` ինչ սցենարով կընթանա ամուսնու գործը

Նիկոլ Փաշինյանի իրավունքների ապօրինի սահմանափակումները երկրաչափական պրոգրեսիայով աճել են, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրոպական դատարանում Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը: 

Նրա խոսքով` այդ ապօրինությունները հիմնականում կոչված են խոչընդոտել Փաշինյանի` ԵԴ դիմելու գործընթացը, ինչպես նաև սահամանափակում են նրա լրագրողական գործունեությունը: 

Գրիգորյանն ասել է, որ իրեն թույլ չեն տալիս պատշաճ կերպով հանդիպել Փաշինյանի հետ և որ «Արթիկ» ՔԿՀ-ի պետն իրեն հայտնել է, որ Փաշինյանի հետ հանդիպումները լինելու են կարճատև, մինչդեռ, ըստ Գրիգորյանի, պաշտպանյալն իր ներկայացուցչի հետ կարող է հանդիպել անսահմանափակ ժամկետով: 

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի լրագրողական գործունեության սահմանփակմանը, ապա դա անում են` նրա նամակները փոստին չհանձնելով, ասել է Վահե Գրիգորյանը: 

Նա նաև տեղեկացրել է, որ մտադիր է դիմել փաստաբանական պալատ և Արդարադատության նախարարություն` փաստաբանի իր իրավունքները պաշտպանելու համար:

«Եթե նայենք Արդարադատության նախարարության կողմից հրապարակված տեղեկատվությունը` կոնկրետ Փաշինայնի վրա հարձակումների և այլն, ուղղակի այնպիսի տպավորություն է, որ ոմանք դեղնած էջերով դասագրքերով են սովորել իրենց պաշտոնական պարտականություններն իրականացնել: Այնպես որ, սա բռնապետություններին հատուկ ձեռագիր է»,- ասել է փաստաբանը: 

Ասուլիսին ներկա Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, իր հերթին, նշել է, որ նման իրավիճակի ստեղծումն ուղղված է ոչ միան Փաշինյանի դեմ, այլ «Հայկական ժամանակի», քանի որ թերթը զրկված է խմբագրականներ գրելու հնարավորությունից. փոխարենը թերթում հրապարակվում են Փաշինյանի 2008-2009թթ. հոդվածները: 

«Քաղաքական առումով կարելի է հստակ պնդել, ենթադրել, որ ՔԿՀ վարչության պետն է կանգնած սրա հետևում, իր վերևում կանգնած է Արդարադատության նախարարը, նրա վերևում կանգնած է նախագահի համապատասխան խորհրդականը, իր վերևում կանգնած է Սերժ Սարգսյանը: Ես արդեն կարող եմ կանխորոշել այն սցենարը, որով կգնան դիմումները: Ինչ-որ տրամաբանությունից զուրկ պատասխաններ կտան, և գործը կմտնի դատարան, դատարանով չի սահմանափակվի և կհասնի ԵԴ»,- ասել է Աննա Հակոբյանը: 

Նա նշեց նաև, որ Սերժ Սարգսյանի և իր ռեժիմի օղակների դիմաց կանգնած է ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև ամբողջ Հայաստանի, ինչպես նաև միջազգային հանրությունը, որոնք բազմաթիվ դատապարտող հայտարարություններ են արել:

Tekali Taxi