Գլխավոր / Հայաստան / Մոսկվայում ակցիայի նոր փորձ են կանխել

Մոսկվայում ակցիայի նոր փորձ են կանխել

Մոսկվայի ոստիկանությունը կանխել է մի խումբ կովկասիների փորձը տարերային ցույց կազմակերպել Մեծ Թաթարական փողոցում գտնվող մզկիթի մոտ:

Մոտավորապես 19:00-ի սահմաններում «Տրետյակովսկայա» մետրոյի հարևանությամբ Մոսկվայի ՕՄՈՆ-ի ներկայացուցիչները ցրել են կովկասցիներին՝ թույլ չտալով նոր ակցիա կազմակերպել:

ՕՄՈՆ-ի ջոկատները շրջափակել են մոտ 100-120 մարդկանց և նրանցից մի քանի հոգու գետնին են գցել, մյուսներին՝ պատի մոտ կանգնեցրել:  Մոսկվայի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը բանակցություններ է սկսել կովկասցիների հետ,  որից հետո նրանք սկսել են ցրվել: «Տրետյակովսկայա» մետրոյի կայարանի մոտ այս պահին գտնվում են ոստիկանության հատուկ ջոկատների 50-70 ներկայացուցիչներ, իսկ մզկիթը փակ է, հաղորդում է «Эхо Москвы» ռադիոկայանը:

Նշենք, որ Մոսկվայի մեր գործընկերների փոխանցմամբ՝ իրավիճակը բավական լարված է մնում, թեև մեծ խմբերով մարդիկ այլևս չեն հավաքվում: Ժողովուրդը քաղաքի կենտրոնական մասից ցրվում է, սակայն մանր բախումները քաղաքի տարբեր մասերում շարունակվում են:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Կիևյան կայարանին հարող հրապարակում կովկասցիների և ռուս ազգայնամոլների միջև տեղի են ունեցել բախումներ, որոնց հետևանքով տուժել է մի քանի մարդ:

Տեղի ժամանակով ժ.19.00-ի դրությամբ Մոսկվայի կենտրոնում ձերբակալվել է ավելի քան 1000 մարդ: Ոստիկանության հաղորդմամբ` ձերբակալվածների մի մասից առգրավվել է սառը զենք:

420 մարդ ձերբակալվել է Կիևյան կայարանի շրջակայքում, որտեղ նախատեսվում էր «ռազբորկա» ազգայնամոլների և կովկասցիների միջև:

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, ոստիկանության աշխատակիցներն արգելափակել են դեպի Կարմիր հրապարակ տանող բոլոր մուտքերը, այդ թվում նաև Մանեժնայա հրապարակի կողմից: Մանեժնայա հրապարակում նկատվում են ոստիկանական ուժերի կուտակումներ, բոլոր զբոսաշրջիկներին խնդրել են հեռանալ քաղաքի այդ հատվածից:

Tekali Taxi