Գլխավոր / Հայաստան / Զարմանալի է, որ Հիտլերի դեմ կռված երկրում ազգայնամոլություն է տիրում. հարցում

Զարմանալի է, որ Հիտլերի դեմ կռված երկրում ազգայնամոլություն է տիրում. հարցում

Զարմանալի է, որ Ռուսաստանում նման ազգայնական շարժում է զարգանում կովկասցիների դեմ, որովհետև, վերջիվերջո, այդ երկիրը պատերազմել էր Հիտլերի դեմ: Նման կարծիք Epress.am-ի հետ զրույցում հայտնեց 19-ամյա ազգությամբ ռուս Ստեփանը, որին մենք հանդիպեցինք Երևանի փողոցներում անցկացվող հարցման ընթացքում:

Ստեփանի համար պարզ է, թե որտեղից են գալիս նման տրամադրությունները. «Հասկանո՞ւմ եք, երբ կովկասցիները Ռուսաստան են գալիս, նրանք շարունակում են հետևել իրենց ավանդույթներին: Ռուսներին դա դուր չի գալիս, որովհետև նրանք տարբերվում են, և շատ հարցերում նրանց տեսակետները չեն համընկնում ռուսների տեսակետների հետ»:

Անդրադառնալով կովկասցիների հետ ընդհարման արդյունքում ֆուտբոլասերի մահից հետո բարձրացած ալիքին` Ստեփանը կարծիք հայտնեց, որ այս անկարգությունների մասնակիցներից շատերը ծանոթ էլ չէին սպանված երիտասարդին. «Նրանց պատճառ էր պետք: Եվ պատճառը կար` վերջիվերջո մարդ էին սպանել»:

Ստեփանի կարծիքով` դպրոցականները շատ հեշտ են ընկնում նման շարժումների ազդեցության տակ, «մանավանդ` այդ տարիքում, և դա վերածվում է ազգայնամոլության»:

Մեր հարցմանը մասնակցած 20-25 տարեկան 20 երիտասարդների մեծ մասը ռուսաստանյան իրադարձություններին ծանոթ չէին. Պարզվել է` դա իրենց չի հետաքրքրում: Իսկ, օրինակ, 60-ամյա Ամալյան տվեց հետևյալ պատասխանը. «Թող գնա ամեն մեկն իր պետությունում ապրի ու ոչ մեկ նման պռոբլեմ չի ունենա»:

«Վանդալիզմն ինձ համար անընդունելի բան է, ինչ ազգ ուզում է լինի: Եթե անգամ հայերը մեզ թշնամի համարվող ազգի ներկայացուցչին ցավ պատճառեին կամ կռվեին հետը, ես էլի չէի ընդունի», – ասաց 64-ամյա դայակ աշխատող Արինան:

Խոսելով այս համատեքստում Կովկասի պետությունների հնարավոր միացման մասին` նա մտավախություն հայտնեց, որ դրանից «մեծ գործ կստացվի»: «Եթե Կովկասի ժողովուրդը սկսի միավորվել և պատասխան տալ, ինչ-որ ձևով պայքարել, դա ավելի վատ հետևանքների կարող է բերել: Թող պետությունն ինքը կարգավորի»:

Հարցման մասնակիցները խոսեցին նաև արտասահմանում հայերի պահվածքի մասին:

«Խնդիրը ֆուտբոլի երկրպագուի սպանության մեջ չէ, խնդիրն ավելի խորն է: Շատ երկրներում կարող ես հանդիպել վատ վերաբերմունքի կոնկրետ մեր ազգի նկատմամբ, ու դա գալիս ա, իրոք, մեր ազգի ներկայացուցիչներից, որոնք իրենց դրսում այնպես են պահում, որ պահ ա լինում` անձամբ ես դրսում ամաչում եմ ասել, որ ես հայ եմ», – ասաց 27-ամյա Սուսաննան:

Մեր այն դիտարկմանը, որ խնդիրները կարելի է լուծել նաև օրինական դաշտում, նա ենթադրեց. «Հնարավոր է, որ դրանք ռասիստական բնույթ են կրում, բայց եթե մեր ազգին վատ են վերաբերվում, չենք կարող բացառել, որ մեր մեղքը դրանում կա»:

Իսկ 25 տարեկան լրագրող Փիրուզայի կարծիքով` երբ մարդն իր երկրում չի ապրում, նա ժամանակ առ ժամանակ կարող է հանդիպել նման վերաբերմունքի:

«Այսինքն, գալիս են մարդիկ, զարգացնում են իրենց տնտեսությունը, հաջողությունների են հասնում, և տեղի բնակչությունը զգում է, որ, չէ, էդպես չի լինի: Ու սկսվում են ազգայնական շարժումները, դրանք բնական գործընթացներ են, որ բոլոր դարերում էլ եղել են»:

Լրագրողը նաև նշեց, որ նման իրադարձությունները մշտապես ղեկավարվում են իշխանական վերնախավի կողմից:

«Թե չէ նույնիսկ հայերն ու թուրքերն իրար հետ լավ էլ ապրում են, դա հասարակ մարդու խնդիր չէ», – ասաց Փիրուզան:

Լուսանկարը` Լեոնիդ Վարլամովի

Tekali Taxi