Գլխավոր / Հայաստան / Երևանի նոր քաղաքապետը աշխատանքի կանցնի երեք օրից

Երևանի նոր քաղաքապետը աշխատանքի կանցնի երեք օրից

Այսօր ժամը 11:00-ին մեկնարկեց Երևանի ավագանու նիստը, որի ընթացքում պետք է ընտրվի Երևանի քաղաքապետը: Հիշեցնենք, որ դեռևս երեկ Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում որոշում էր կայացվել, որ քաղաքապետի թեկնածու է լինելու «Հայռուսգազարդ» ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանը: ՀՀԿ-ն ավագանիում ունի 35 անդամ, իսկ ներկայացված մեկ այլ ուժ` ԲՀԿ-ն` 17, այնպես որ ՀՀԿ-ի թեկնածուն ամեն դեպքում ձայների գերակշիռ մեծամասնությամբ պետք է ընտրվի Երևանի քաղաքապետի պաշտոնում:

Ավագանու նիստին բացման խոսքով հանդես եկավ Երևանի ավագանիում ՀՀԿ խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյանը:

«Մենք պարզապես քաղաքապետ չենք ընտրում, այլ ընտրում ենք համայն հայության մայրաքաղաք Երևանի քաղաքապետին», – ասել է նա:

Դումանյանն իր խոսքում թվարկեց այն հատկանիշները, որ պետք է ունենա ապագա քաղաքապետը` արդյունավետ կառավարման փորձ, մարդկային բարոյական բարձր հատկանիշներ, բարի համբավ:

Նա նշեց, որ երեկ երեկոյան ՀՀԿ նիստում միաձայն առաջադրվել է տնտեսագիտության դոկտոր Կարեն Կարապետյանի թեկնածությունը Երևանի քաղաքապետի պաշտոնում:

Այնուհետև խոսքը տրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսկացության ավագանու անդամներին առաջարկության համար: ԲՀԿ-ն առաջարկություններով հանդես չեկավ:

Իր խոսքում Կարեն Կարապետյանը նշեց, որ ակնկալում է աշխատակազմի աջակցությունը և պատրաստվում է ստեղծել կառավարման նոր մշակույթ, որը բնութագրեց հետևյալ կերպ` կանխատեսում, պլանավորում, իրագործում:

Հայտարարվեց կես ժամ ընդմիջում, որից հետո կկայանա քվեարկություն, որի տևողությունը սահմանվել է 12:00-ից 13:00-ը: Քվեարկության արդյունքները ամփոփվելու են 30  րոպեի ընթացքում, որից հետո հայտարարվելու է նոր քաղաքապետի անունը:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, նոր քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է ընտրվելուց հետո օրենքով սահմանված կարգով երրորդ օրացուցային օրը հրավիրված ավագանու նիստում` Երևանի բնակիչներին տրված երդմամբ:

Tekali Taxi