Գլխավոր / Армения / Մոսկվան ազգայնամոլների և «ոչ ռուսների» նոր բախումներ է սպասում

Մոսկվան ազգայնամոլների և «ոչ ռուսների» նոր բախումներ է սպասում

Այսօր Մոսկվայում ազգային ատելության հողի վրա կարող են նոր բախումներ գրանցվել, գրում է Newsru.com-ը: Ինտերնետային ֆորումներում և բլոգերում նոր ակցիաների մասին հաղորդումներ են հայտնվել, որոնք լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս:

Ինչպես հաղորդում է Эхо Москвы ռադիոկայանը, կարող է անհանգիստ լինել «Օստանկինո» հեռուստակենտրոնի մոտ, որտեղ արտոնված հավաք է անցկացնելու գրեթե անհայտ Ազգային-դեմոկրատական դաշինքը: Ինտերնետային հասարակական ցանցերի միջոցով ազգայնամոլների խմբեր և իրենց ֆուտբոլային ֆանատների շարքին դասող մարդիկ պայմանավորվում են հավաքվել այդ վայրում:

Ակցիայի կազմակերպիչների խոսքով` իրենք նպատակ ունեն բողոքել որոշ լրատվամիջոցների դեմ, ովքեր փորձում են Մոսկվայում ազգայնամոլների և «ոչ ռուսների» բախումները ներկայացնել որպես ջարդեր:

«Вконтакте» հասարակական ցանցի միջոցով մի խումբ մարդիկ, ովքեր ներկայանում են որպես կովկասցիներ պայմանավորվում են հանդիպել Մանեժնայա հրապարակում, որտեղ մեկ շաբաթ առաջ ակցիա էին կազմակերպել ազգայնամոլները:

Նշենք, որ ֆուտբոլային ֆանատների կազմակերպությունները, ինչպես նաև Մոսկվայում բնակվող ազգային սփյուռքերի ներկայացուցիչները կոչ են արել չտրվել սադրանքներին և չմասնակցել նման ակցիաներին:  

Իր հերթին, Մոսկվայի ոստիկանությունը դիմել է ծնողներին և դպրոցներին` կոչ անելով բացատրել անչափահասներին, ինչով է հղի մասնակցությունը նման ակցիաներին:

Tekali Taxi