Գլխավոր / Armenia / Փաշինյանի պատկերը` արվեստ, թե՞ օրենքի խախտում

Փաշինյանի պատկերը` արվեստ, թե՞ օրենքի խախտում

«Արտ Լաբորատորիա» նկարիչների և փիլիսոփաների միության ներկայացուցիչները հրավիրվել են ոստիկանություն` բացատրագրեր տալու դեկտեմբերի 15-ին Բաղրամյան պողոտայի գետնանցումներից մեկում իրենց կողմից պատկերված քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գրաֆիտիի վերաբերյալ:

Epress.am-ը զրուցել է Կենտրոնի ոստիկանություն հրավիրված փիլիսոփա Արթուր Պետրոսյանի և կազմակերպության նախագահ արվեստագետ Հովհաննես Մարգարյանի հետ: «Մեզ օրենքով սահմանված կարգով ծանուցագրեր եկան, որպեսզի ներկայանանք Երևան քաղաքի Կենտրոնի ոստիկանություն: Ես և եղբայրս` Արայիկ Պետրոսյանը, գնացինք ոստիկանություն, որտեղ մեզ հարցաքննեցին: Հարցնում էին, թե ինչի համար ենք նկարել, օրինակ, «Ինքնասպան զինվոր»-ը, իրանցի կնոջ կերպարով նկարը, Նիկոլ Փաշինյանի պատկերով գրաֆիտին»:

Նա ասել է, որ իրենք համապատասխան բացատրագրեր են գրել` նշելով, որ այն, ինչ իրենք անում են, ընդունված է աշխարհում որպես ժամանակակից արվեստի մի ձև, որը կոչվում է «սթրիթ արտ»:

«Մենք նշեցինք, որ մեր կազմակերպությունն արվեստի միջոցով փորձում է արձագանքել հասարակական հնչեղություն ունեցող իրադարձություններին, ինչպես, օրինակ, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին շուտափույթ ազատ արձակելու պահանջին»,- ասել է մեր զրուցակիցը:

Արթուրը տեղեկացրել է, որ բացատրագրերը պետք է ուղարկվեն ՀՀ դատախազություն:

Epress.am-ի հետ զրույցում «Արտ Լաբորատորիա»-ի նախագահ Հովհաննես Մարգարյանն ասել է, որ դեռ պարզ չէ` արդյոք քրեական գործ կհարուցվի շրջակա միջավայրի աղտոտման համար, թե ոչ: «Հնարավոր է` դատական գործընթաց էլ լինի, դեռ պետք է դատախազությունը պարզի` դա ժամանակակից արվեստ է, թե օրենքի խախտում»,- նշել է նա:

Եթե իրավապահ մարմինները որոշեն, որ Նիկոլ Փաշինյանի գրաֆիտին արվեստի գործ չէ, ապա հեղինակները կարող են վարչական տույժի ենթարկվել 50000-100000 դրամի չափով:

Tekali Taxi