Գլխավոր / Армения / «Ժամանակն է քաչալին փոխել». Բելառուսում ձերբակալում են ընդդիմադիրներին

«Ժամանակն է քաչալին փոխել». Բելառուսում ձերբակալում են ընդդիմադիրներին

Երեկ Բելառուսում ավարտված նախագահական ընտրություններից հետո ընդդիմությունը փողոց է դուրս եկել, որի հետևանքով բախումներ են սկսվել ցուցարարների և բելառուսական ՕՄՈՆ-ի միջև:

Ընդդիմության բողոքի ալիքը բարձրացել է նրանից հետո, երբ հայտարարվել են «էքզիթ-փոլերի» արդյունքները, համաձայն որոնց գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 70 տոկոսը: Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով` Լուկաշենկոն հավաքել է 79,67 տոկոս:

Հազարավոր դժգոհ ընդդիմադիրներ դուրս են եկել Մինսկի Հոկտեմբերյան հրապարակ: Խաղաղ ցույցը շատ արագ երթի է վերածվել: Ընդդիմադիրները, որոնց շարքում են եղել նաև նախագահի մի քանի թեկնածու, հասել են Անկախության պողոտա և արգելափակել են երթևեկությունը:

Բողոքարարները վանկարկում էին «Ամոթ», «Հեռացիր», «Ժամանակն է քաչալին փոխել»` նկատի ունենալով Լուկաշենկոյին: Ընդդիմադիրների երթը հասել է Անկախության հրապարակ, որտեղ տեղակայված է Բելառուսի կառավարության շենքը:

Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել են այն` ջարդելով դուռն ու պատուհանները: Իրավիճակին խառնվել է ՕՄՈՆ-ը, որն արագ բաժանել է ամբոխը մի քանի մասի և սկսել ծեծել մարդկանց: Այդ ընթացքում ուժեղ վնասվածքներ են ստացել նախագահի թեկնածուներ Անդրեյ Սաննիկովը, Գրիգորի Կոտուսևը և Վիտալի Ռիմաշևսկին: Մարմնական վնասվածքներ են ստացել նաև մի քանի լրագրողներ:

Բողոքի ցույցը ցրելուց հետո ոստիկանությունը սկսել է ձերբակալել նախագահի ընդդիմադիր թեկնածուներին: Նրանցից մեկին` Անդրեյ Նեկլյաևին, ձերբակալել են հիվանդանոցի պալատում:

Ընդհանուր առմամբ, Մինսկում արդեն ձերբակալել են 1000-ից ավելի մարդկանց:

Լուսանկարները` Reuters գործակալության:

Tekali Taxi