հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Բելառուսում ընտրություններ չէին, այլ ռեալիթի-շոու, հազմոված է Լուկաշենկոն

Բելառուսում ընտրություններ չէին, այլ ռեալիթի-շոու, հազմոված է Լուկաշենկոն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով, ըստ այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, հաղթել է նախագահական ընտրություններում, երեկ հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ ընտրությունները բարձր մակարդակով են անցել: Մինսկը աշխատել է Արևմուտքի բոլոր պահանջներին համապատասխան, իսկ Եվրոպայի ներկայացրած դժգոհություններն անհիմն են, գրում է ИТАР-ТАСС-ը:

Լուկաշենոկոն նշել է, որ «եվրոպացիների խնդրանքի պատճառով մենք խախտել ենք մեր օրենսդրությունը: Բելառուսի իշխանությունները նույնիսկ թույլ են տվել երկիր մտնել այն մարդկանց, ում մուտքը Բելառուս արգելված էր»:

«Տեղի ոչ պետական և իշխանություններին բացասաբար վերաբերվող ԶԼՄ-ները ցանկանում էին լուսաբանել ընտրատեղամասերի թափանցիկությունը, խնդրեմ: Թափանցիկությունն այնպիսինն էր, որ մարդիկ անգամ շփոթվում էին` արդյոք դրանք ընտրություններ էին, թե ռեալիթի-շոու»,-ասել է Բելառուսի նախագահը:

Նախագահը զարմանք է հայտնել նաև ԵԱՀԿ-ի կողմից ընտրություններին տված գնահատականի վերաբերյալ` միաժամանակ նշելով, որ «հավանաբար, ամեն ինչ չէ, որ հարթ է անցել»:

Ալեքսանդր Լուկաշենկոն նաև իր հակառակորդներին մեղադրել է նրանում, որ վերջիններս նախօրոք զանգվածային անկարգություններ են նախապատրաստել:

«Այն, ինչ երեկ փորձել են անել Մինսկում, ժողովրդավարություն չէ, այլ բանդիտիզմ է: Այդ ամենն իր ղեկավարներն ուներ և հստակորեն կազմակերպված էր նախագահի նախկին թեկնածուների կողմից», – ասել է Բելառուսի նախագահը:

Նրա խոսքով` իրավապահ մարմինները չեն սկսել խոչընդոտել ընդդիմության ներկայացուցիչների գործողություններին այնքան ժամանակ, քանի դեռ վերջիններս չեն սկսել պայթուցիկներ օգտագործել: «Նրանք երկիրն ու ժողովրդին պաշտպանել են բարբարոսությունից և ավերումներից: Հրապարակում գործողություն իրականացնող զինվորականներին ես խնդրել էր սադրանքի զոհ չդառնալ: Բայց եթե բողոքավորները սկսեին անգամ թքել, ապա հրահանգել էի գործել ավելի խիստ»,-ասել է Լուկաշենկոն:

Նախագահը նաև շնորհավորել է իր կողմնակիցների հաղթանակի կապակցությամբ` նշելով, որ հակառակորդներին պիտի շատ տհաճ նորություն հայտնի, քանի որ «նրանք դեռ 5 տարի պետք է գործ ունենան ինձ հետ»:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ է լինելու նախագահի թեկնածու Վլադիմիր Նեկլյաևի հետ, Լուկաշենկոն ասել է. «Ուզում եք խոսել նրա հետ, խնդիր չկա, արեք դա Քրեակատարողական մեկուսարանում, որտեղ 631 մարդ կա»: Այնուհետ նախագահը ճշտում է մտցրել` ասելով, որ 639 ձերբակալված կա:

«Կարծում եք, թե առևանգել են և ինչ-որ տեղ են տարել: Այլևս նման անակնկալներ չեն լինելու: Մեղավոր ես, պատասխան տուր»,-ասել է նախագահը:

Բելառուսի նախագահի խոսքով` Մինսկում տեղի ունեցած անկարգություններին մասնակցել են 20-ից ոչ բարձր տարիք ունեցող անձինք, ովքեր հիմնականում մասնակցում են ընդդիմության ցույցերին:

Նշենք, որ Նեկլյաևի կնոջ խոսքով` նա մինչ այժմ որևէ տեղեկություն չունի իր ամուսնու մասին, ով  Մինսկում իրականցվող ցույցի ժամանակ դաժանորեն ծեծի էր ենթարկվել իրավապահ մարմինների կողմից: Դրանից հետո նրան հիվանդանոց էին տեղափոխել, որտեղից էլ նա անհետացել է: Նեկլյաևի կինը խնդրել է նաև աջակցել նախագահի մյուս թեկնածուներ Անդրեյ Սանիկովի, Նիկոլայ Ստատկևիչի և Վիտալի Ռիմաևսկու նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելու կապակցությամբ հետաքննություն իրականցնելու, ինչպես նաև նրանց գտնվելու վայրը պարզելու գործին: