Գլխավոր / Армения / Նոր քաղաքապետին խնդրում են չզրկել երևանցիներին թթվածնից

Նոր քաղաքապետին խնդրում են չզրկել երևանցիներին թթվածնից

Այսօր «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամները շնորհավորական խոսքերով նամակ են հղել ՀՀ նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանին, որով ներկայացրել են նախորդ քաղաքապետի օրոք իրենց ունեցած խնդիրները, և ողջունելով Կարեն Կարապետյանի` Երևանում կառավարման նոր մշակույթ ձևավորելու նպատակը, ակնկալել են բնապահպանական խնդիրների լուծում:
 
«Ցավոք, անցած ամիսների ընթացքում մենք ստիպված էինք նմանատիպ հողահատկացումների հետ կապված կոնֆլիկտների բախվել նաև Երևանի Կոմիտասի 5ա, Գլխավոր պողոտայի այգու, ՆԳՆ մանկապարտեզի, Վիշապի կոթողներ պուրակի, Սարկավագի 72 և շատ այլ հասցեներում, որտեղ բնակիչները գործ ունեին սեփական հանգստի և առողջության համար կարևոր կանաչ տարածքների ապօրինի օտարման կամ վարձակալման հետ։ Դրանցից միայն Կոմիտասի 5ա հասցեում է հաջողվել հասնել դրական լուծման։ Մնացած խնդիրները մնում են օդում կախված, իսկ որոշ դեպքերում բնակիչները հուսահատ կռիվ են տալիս սեփական միջավայրի պահպանման համար։
 
Մենք կարծում ենք, որ Երևանում հանուն մասնավոր շահի հանրային զբոսայգիների հողակտորների վայրենի յուրացումը հասել է իր գագաթնակետին, ինչի արդյունքում քաղաքում մնացել են մի քանի ծառախմբեր, որոնք այլևս բավարար թթվածին չեն արտադրում Երևանի բնակիչների համար։ Ըստ այդմ, ժամանակն է, որ Երևանի համայնքը բավարար ֆինանսներ հատկացնի հանրային այգիների խնամքի և բարեկարգման համար՝ չապավինելով մասնավոր կապիտալին։
 
Նախորդ քաղաքապետի օրոք տեղեկատվություն ստանալը և հարցերի լուծմանը հասնելը մեզ համար ծանրագույն խնդիր է հանդիսացել, քանի որ բնակիչները բախվում էին ոչ թափանցիկ ու գաղտնի որոշումների և պաշտոնյաների մերժողական վերաբերմունքի հետ։
 
Ողջունելով Երևանում կառավարման նոր մշակույթ ձևավորելու Ձեր նպատակը՝ հուսով ենք, որ քաղաքապետի պաշտոնում Ձեր աշխատանքի ընթացքում վերոնշյալ խնդիրները կլուծվեն երկխոսության և կառուցողական լուծումների ճանապարհով։ Բնականաբար մեզ համար ամենամտահոգիչ հարցը ավերվող Ուսանողական այգին է։ Որպես հասարակական հիմունքներով Երևանի խնդիրներով զբաղվող քաղաքացիներ պատրաստ ենք մեր հնարավորությունները ներդնել կանաչ և բարձր մշակույթի քաղաք ունենալու համար, որի բնակիչներն իրենց կզգան Երևանի լիարժեք տերը։
 
Օգտվելով առիթից` առաջարկում ենք մոտ ապագայում հանդիպում կազմակերպել` մայրաքաղաքում առկա բնապահպանական խնդիրները քննարկելու նպատակով»,- ասված է նամակում:
 

Tekali Taxi