Գլխավոր / Armenia / ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները դեռևս լռում են Հայոց Ցեղասպանության բանաձևի վերաբերյալ

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները դեռևս լռում են Հայոց Ցեղասպանության բանաձևի վերաբերյալ

ԱՄՆ Կոնգրեսը երեքշաբթի չի քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը: Դեկտեմբերի 21-ի ընթացքում ԱՄՆ ստորին պալատը լուրջ հետաքրքրություն չառաջացնող մի քանի օրինագիծ է քննարկել, սակայն այսօր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը կարող է մտնել ԱՄՆ Կոնգրեսի օրակարգ: Դեկտեմբերի 22-ին Ստորին պալատի աշխատանքները մեկնարկելու են Վաշինգտոնի ժամանակով 10:00-ին (Երևանի ժամանկով 19:00-ին), որից անմիջապես առաջ էլ պարզ կդառնա, թե արդյոք Բանաձևը մտնելու է Կոնգրեսի օրակարգ:

Չնայած երեկ թե հայկական, թե թուրքական լոբբին սպասում էր ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հայտարարություններին, օրն անցել է առանց մեկնաբանությունների ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին ուրբաթ և երկուշաբթի, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել էր, որ ԱՄՆ Պետդեպը դեմ է բանաձևի քննարկմանը Կոնգրեսում:

Երեկ լրագրողները Սպիտակ Տան խոսնակ Ռոբերտ Գիբզին հարցրել են` արդյոք Բարաք Օբաման Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից նամակ ստանալուց հետո զրուցել է Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոզիի հետ: Գիբզը բավական անորոշ պատասխան է տվել.

«Ես չես կարծում, որ նախագահը հատուկ կոչով դիմել է ինչ-որ մեկին այս հարցի կապակցությամբ: Ես կարծում եմ՝ նրա հայացքներն այս հարցի շուրջ բոլորին ծանոթ են»:

Օբամայի հստակ դիրքորոշման մասին լրագրողներն այդպես էլ չեն լսել:

Երեքշաբթի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի վերաբերյալ չեն արտահայտվել նաև ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և Պաշտպանության քարտուղար Ռոբերտ Գեյթսը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոզիին, ապա Hurriyet-ի հարցին ի պատասխան` նա ասել է. «Այսօր բարդ օր էր, գուցե` վաղը»:

Tekali Taxi