Գլխավոր / Հայաստան / Հանրապետության հրապարակում Ամանորի գիշերը համերգ կկայանա

Հանրապետության հրապարակում Ամանորի գիշերը համերգ կկայանա

Երևանի քաղաքապետարանի ծրագրով մայրաքաղաքում նախատեսվում է անցկացնել ամանորյա տոնական մի շարք միջոցառումներ, հաղորդում է Երևանի  քաղաքապետարանի կայքը:

Ամանորյա միջոցառումներ կլինեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Դեկտեմբերի 27, 28 և 29-ից վարչական շրջանների կենտրոններից կտրվի տոնական միջոցառումների մեկնարկը, որը հետո կշարունակվի մայրաքաղաքի կենտրոնում:
 
Դեկտեմբերի 31-ին ժ. 13:00-ից Հանրապետության հրապարակում կմեկնարկի  տոնական համերգը` մանկական համույթների և պարային խմբերի, հեքիաթների հերոսների մասնակցությամբ։ Սիրված հեքիաթների հերոսների մասնակցությամբ կկազմակերպվեն նաև մանկական խաղեր, կլինեն տարբեր մրցույթներ և վիկտորինաներ։
 
Երեկոյան 23.00-ից կսկսվի տոնական համերգը` էստրադայի աստղերի, պարային խմբերի մասնակցությամբ, որը ժամը 24:00-ին կուղեկցվի հրավառությամբ: Համերգը կշարունակվի մինչև ուշ գիշեր։
 
Հունվարի 1-6-ը Հանրապետության հրապարակում կանցկացվեն ցերեկային միջոցառումներ` հեքիաթների հերոսների մասնակցությամբ: Այդ օրերին երեկոյան  18:00-ից  22:00-ը  Dj-ները կանցկացնեն տոնական համերգային դիսկոտեկ։
 
Երևանի քաղաքապետարանը նաև տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին արդեն ավարտվել են մայրաքաղաքի տոնական ձևավորման և գեղարվեստական լուսավորության աշխատանքները: Հանրապետության գլխավոր տոնածառն այս տարի ունի 31 մետր բարձրություն: Այն զարդարվել է 72 աստղիկներով և 4000 տարբեր գույների խաղալիքներով: Տոնածառը զարդարում են նաև 32000 լուսադիոդային լամպերը: Մայր տոնածառը հավաքվել է եղևնու բնական 6000 ճյուղերով, որոնք բերվել են սանիտարական հատումից հետո:
 
2010թ.-ի դեկտեմբերի 31-ին կերկարացվի Երևանի մետրոպոլիտենի և ներքաղաքային վերգետնյա ուղևորատար տրանսպորտի աշխատանքի տևողությունը. մինչև հունվարի 1-ը Երևանի մետրոպոլիտենը և ներքաղաքային վերգետնյա ուղևորատար տրանսպորտը կաշխատեն մինչև ժամը 01.00-ն: 2011թ.-ի հունվարի 1-ից մինչև 9-ը ներառյալ ներքաղաքային հասարակական տրանսպորտի աշխատանքը կավարտվի ժամը 24.00-ին: 2011թ.-ի հունվարի 10-ից ներքաղաքային հասարակական տրանսպորտը կաշխատի ամենօրյա գրաֆիկով:

Tekali Taxi