Գլխավոր / Armenia / Պուտինը ցանկանում է, որ ռուս գործարարները հարմարավետ զգան Հայաստանում

Պուտինը ցանկանում է, որ ռուս գործարարները հարմարավետ զգան Հայաստանում

Սանկտ-Պետերբուրգում` Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի Կոնստանտինովյան նստավայրում, այսօր կայացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ ՌԴ կառավարության ղեկավարը հանդիպման սկզբում Հայաստանը բնութագրել է որպես Ռուսաստանի վստահելի գործընկեր և կարևորել երկկողմ գործակցությունն ամենատարբեր, այդ թվում` քաղաքական, ռազմական ոլորտներում։

Որպես փոխգործակցության առաջնահերթություն Պուտինն առանձնացրել է երկկողմ տնտեսական համագործակցությունը։ Նրա խոսքով` թեև անցած տարին լի էր ճգնաժամով պայմանավորված դժվարություններով, այդուհանդերձ, Ռուսաստանը Հայաստանին աջակցել է` տրամադրելով 500 միլիոն դոլարի արտոնյալ վարկ` 15 տարի ժամկետով, ինչը թույլ է տվել ապահովել ապրանքաշրջանառության որոշակի մակարդակ։ Նշելով, որ Ռուսաստանի ներդրումները Հայաստանում կազմում են 3 միլիարդ դոլար, Պուտինն ընդգծել է, որ ոչ մի ռուսական ձեռնարկություն այս ընթացքում Հայաստանից դուրս չի եկել։

Ներկայումս, ընդհանուր առմամբ, Հայաստանում գործում է ռուսական կապիտալով ավելի քան հազար ձեռնարկություն։ «Մենք ակնկալում ենք, որ Ձեր և ՀՀ նախագահի աջակցությամբ մեր գործարարները Հայաստանում իրենց ավելի հարմարավետ կզգան», – նշել է ՌԴ վարչապետը` հույս հայտնելով, որ ընդհանուր ջանքերով կհաջողվի հասնել համագործակցության նոր մակարդակի։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է հանդիպումը` երկկողմ տնտեսական համագործակցությունն ամփոփելու ու հետագա իրականացվելիք ծրագրերը նախանշելու առումով։ Նա հավաստիացրել է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի ռուս գործարարներն իրենց հարմարավետ զգան Հայաստանում և հանդես գան մի շարք նախաձեռնություններով։ Մասնավորապես, «Մարս» գարծարանում ստեղծվելու է ազատ տնտեսական գոտի։ Նախագծի օրենսդրական փաթեթն այժմ նախապատրաստական փուլում է։ ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի ստեղծել այնպիսի հիմք, որը կխթանի ռուսական ներդրումների հետագա աճը Հայաստանում։

Երկու վարչապետների հանդիպմանը, որին ներկա էին նաև երկու երկրների պատվիրակությունները, քննարկվել է երկկողմ տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ, հայտնում են Կառավարությունից:

Tekali Taxi