Գլխավոր / Армения / Քաղաքապետարանը հաստատեց 2011թ. բյուջեն

Քաղաքապետարանը հաստատեց 2011թ. բյուջեն

Դեկտեմբերի 23-ին գումարվեց Երևանի ավագանու չորրորդ նստաշրջանի վերջին  նիստը, որը վարում էր Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը։

Օրակարգի գլխավոր հարցը Երևանի 2011 թվականի բյուջեի հաստատումն էր։ Այս, ինչպես նաև մնացած հարցերը, ավագանու կողմից ընդունվեցին միաձայն։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկով փոփոխություններ կատարվեցին ավագանու  «Երևան քաղաքում տեղական տուրքերի և վճարների  դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման մեջ։ Ծխախոտի և ոգելից խմիչքների վաճառքի  թույլտվության տուրքերը սահմանվեցին գոտիականության  սկզբունքով`  նախկին երեքի փոխարեն Երևանը բաժանելով չորս գոտու։ Այս խնդրի հետ կապված` քաղաքապետը նշեց, որ հետագայում տուրքերի դրույքաչափերը սահմանելիս պետք է նկատի առնել նաև առևտրային տաղավարների մակերեսները, որպեսզի փոքր կրպակն ու սուպերմարկետն ստիպված չլինեն նույն գումարը վճարել։

Երևանի 2011թ. զարգացման ծրագիրը հաստատվեց որպես ուղեցույց` նկատի առնելով, որ այն գալիք տարվա ընթացքում կլրամշակվի։ Կարեն Կարապետյանը, որպես ռազմավարական ուղղություն, կարևորեց տրանսպորտային հայեցակարգի մշակումն ու ներդրումային միջավայրի բարելավումը։

Այնուհետև ավագանին հաստատեց Երևանի 2011թ. բյուջեն։ Երևանի 2011թ. բյուջեի  եկամուտները նախատեսված են 55 մլրդ 796 մլն դրամ, ծախսերը՝ 58 մլրդ 296 մլն դրամ։ 2 մլրդ 500 մլն դրամ պակասուրդն ամբողջությամբ ֆինանսավորվելու է տարեսկզբի ազատ մնացորդի հաշվին։ Երևանի պահուստային ֆոնդի համար նախատեսված է մոտ 4 մլրդ դրամ։ Նախորդ տարվա համեմատ մոտ 6,7 տոկոսով ավելացել է եկամտային մասը։ Հարկային մուտքերն ու սեփական եկամուտները ևս 14 տոկոսով ավելի են նախատեսված։

Կարեն Կարապետյանի գնահատմամբ` բյուջեի եկամտային մասը մեղմ է պլանավորված: Մասնավորապես,  քաղաքապետը նշեց, որ  ապառքների արդյունավետ կառավարման շնորհիվ հնարավոր է ավելի մեծ եկամուտ ակնկալել։

Tekali Taxi