Գլխավոր / Հայաստան / Տավուշի զորամասում վիրավորված զինվորը մահացել է

Տավուշի զորամասում վիրավորված զինվորը մահացել է

Տավուշի մարզի N զորամասի անցագրային կետի մոտ դեկտեմբերի 31-ի ուշ երեկոյան տեղի ունեցած միջադեպի հետևանքով ծանր վնասվածքներ ստացած 20-ամյա Տարոն Ենգիբարյանը երկուշաբթի օրը մահացել է: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից:

Օրվա երկրորդ կեսին Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից հայտնեցին, որ տվյալ զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը ձերբակալված է: Նրան դեռ մեղադրանք չի առաջադրվել:

Երկուշաբթի առավոտյան պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել էր, որ նախարար Սեյրան Օհանյանի հունվարի 10-ի հրամանագրով Սերգեյ Կարապետյանը ազատվել է զբաղեցրած զորամասի հրամանատարի պաշտոնից:

Նախարարը հրամանագիր է ստորագրել նույն զորամասի հրամանատարական կազմի ևս երկու սպաների զբաղեցրած պաշտոններից ազատելու մասին:

Իջևանի տարածաշրջանում տեղակայված զորամասի անցագրային կետի մոտ դեկտեմբերի 31-ի ուշ երեկոյան` ժամը 23:00-ի սահմաններում, տեղի էր ունեցել միջադեպ զորամասի հրամանատար Սերգեյ Կարապետյանի և մի քանի քաղաքացիների միջև, որը շարունակվել էր Կարապետյանի աշխատասենյակում: Միջադեպի հետեւանքով Տարոն Ենգիբարյանը ստացել էր ծանր վնասվածքներ:

«Զորամասի հրամանատարի և մի խումբ քաղաքացիների միջեւ վիճաբանության» փաստի առիթով քրեական գործ է հարուցված խուլիգանության հատկանիշներով` Քրեական օրենսգրքի 258 հոդվածի երրորդ մասով:

Tekali Taxi