Գլխավոր / Հայաստան / Եհովայի վկաների հայցն ընդդեմ Հ1-ի. «Հայլուրը» 24 հազար մարդու է վիրավորում

Եհովայի վկաների հայցն ընդդեմ Հ1-ի. «Հայլուրը» 24 հազար մարդու է վիրավորում

«Կոնկրետ Գևորգ Ալթունյանի դեմ մենք ոչինչ չունենք, ինձ անձամբ դուր է գալիս դիտել նրա հեղինակային հաղորդումները: Մենք դատական հայց ենք ներկայացրել  Հանրային Հեռուստաընկերության «Հայլուր» և «Տեսանկյուն» հաղորդաշարերի ժամանակ Եհովայի վկաների հասցեին հնչեցրած վիրավորական և վարկաբեկող արտահայտությունների համար, և պահանջում ենք հրապարակայնորեն ներողություն խնդրել դրանց համար»:

Epress.am-ի հետ զրույցում «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության հանրային կապերի պատասխանատու Տիգրան Հարությունյանը ներկայացրել է Հանրային Հեռուստաընկերության դեմ ուղղված իրենց դատական հայցի էությունը:

«Հիմնականում «Հայլուրի» եթերում է հնչել վիրավորական արտահայտությունները, որոնք անհետևանք չեն մնացել: Մասնավորապես, այդ թողարկումից հետո Հայաստանի տարբեր տարածքներում հարձակումներ են իրականացվել Եհովայի վկաների դեմ», – ասել է Հարությունյանը:
Նա նշել է, որ իրենք երկու անգամ պաշտոնապես դիմել են Հանրային Հեռուստաընկերությանը` խնդրելով «Հայլուրից» հերքել Սևանում տեղի ունեցած սպանության վերաբերյալ ապատեղեկատվությունը և ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների համար: Եթերում նշվել էր, որ Սևանում իր ծնողներին խոշտանգելով սպանած Արման Խաչիկի Թորոսյանը Եհովայի վկա է:

«Սակայն նրանք մեր պաշտոնական խնդրանքից հետո հաջորդ առավոտյան ևս մեկ անգամ կրկնել են այդ թողարկումը»,- նշել է մեր զրուցակիցը:
Տիգրան Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ 2010 թվականի նոյեմբերի 8-ին Սևանում իր ծնողների սպանության մեջ մեղադրվող Արման Թորոսյանը հոգեբուժարանում գրանցված անձ է:

«Հոգեկան խանգարումներ ունեցող անձը չի կարող գիտակցաբար որևէ գործողություն կատարել կամ որոշում կայացնել` դառնալ Եհովայի վկա, իսկ Եհովայի վկա դառնում են մարդիկ, ովքեր ուսումնասիրում են մեր ուսմունքը, մասնակցում են հավաքներին, որից հետո այլ վկաների ներկայությամբ օծվում են, սակայն այդ մարդը Եհովայի վկա չէ»,- ասել է Հարությունյանը:

Նա նշել է, որ իրենք հույս ունեն` դատարանը օբյեկտիվ որոշում կկայացնի, որ այլևս նման ապատեղեկատվություն և հերյուրանքներ չտարածվեն, քանի որ ողջ Հայաստանի տարածքում կան ավելի քան 24 հազար Եհովայի վկաներ, և նման հրապարակումները վիրավորում են այդ բոլոր մարդկանց:

«Առհասարակ, չպետք է թույլ տալ, որ վիրավորեն որևէ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին և սխալ տեղեկատվություն տարածեն ցանկացած մարդու վերաբերյալ»,- հավելել է Հարությունյանը:
Tekali Taxi