Գլխավոր / Հայաստան / Հ1-ը չի խախտել Սահմանադրությունը, համոզված է Ալեքսան Հարությունյանը

Հ1-ը չի խախտել Սահմանադրությունը, համոզված է Ալեքսան Հարությունյանը

Իսկ դուք Եհովայի վկա՞ եք: Epress.am-ի հարցին, թե ինչպես կգնահատի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը վերջերս «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության դատական հայցն ընդդեմ Հ1-ի, վերջինս հարցով է արձագանքել:

«Իսկ դա ի՞նչ կապ ունի»,- հակադարձել է լրագրողը, որից հետո Ալեքսան Հարությունյանը հայտնել է իր կարծիքը:

««Հայլուրի» եթերում վիրավորական արտահայտություններ չեն հնչել Եհովայի վկաների հասցեին, պարզապես հղում կատարելով կայքերից մեկին` ներկայացվել է 2010 թվականի նոյեմբերի 8-ին Սևանում իր ծնողների սպանության մեջ մեղադրվող Արման Թորոսյանի դեմ քրեական գործը»,- ասել է ասուլիսի հյուրը:

Նա կարծիք է հայտնել, որ տվյալ դեպքում որևէ սահմանադրական խախտում տեղի չի ունեցել, և քանի որ կա դատական հայց, Հ1-ի կողմից կներկայացվեն համապատասխան փաստաթղթերը և կբերվեն ապացույցներ առ այն, որ որևէ օրենքի խախտում չի գրանցվել:

Նշենք, որ Epress.am-ի հետ զրույցում «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության հանրային կապերի պատասխանատու Տիգրան Հարությունյանը նշել էր, որ կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել  Հանրային Հեռուստաընկերության «Հայլուր» և «Տեսանկյուն» հաղորդաշարերի ժամանակ Եհովայի վկաների հասցեին հնչեցրած վիրավորական և վարկաբեկող արտահայտությունների համար` պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել դրանց համար:

«Հայլուրի» և «Տեսանկյուն» հաղորդաշարի ընթացքում նշվել էր, որ Սևանում իր ծնողների սպանության մեջ մեղադրվող Արման Թորոսյանը Եհովայի վկա է:

«Տեսանկյուն» հաղորդաշարի հեղինակ Գևորգ Ալթունյանը եթերում օգտագործել էր «աղանդավորների ոհմակ» արտահայտությունը: Epress.am հետ զրույցում լրագրողը նշել էր, որ Եհովայի վկաները տիպաբանական նմանություն ունեն գայլերի հետ, քանի որ գայլերը զոհին փնտրելու համար խմբերով` ոհմակներով են դուրս գալիս որսի, ինչպես և անում են Եհովայի վկաները` խմբերով կամ զույգերով թակելով մարդկանց դռները, փողոցներում կանգնեցնելով մարդկանց, իրականացնում որս` հոգևոր առումով:
Tekali Taxi