Գլխավոր / Հայաստան / 10 տարի անց Ղարաբաղը Հայաստանի համար նույնքան կարևոր չի լինի. փորձագետ

10 տարի անց Ղարաբաղը Հայաստանի համար նույնքան կարևոր չի լինի. փորձագետ

Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն ավելի բարենպաստ է Հայաստանի համար, քան այն, ինչ լինելու է հակամարտության կարգավորումից հետո, քանի որ կարգավորումը նշանակում է խոշոր զիջումներ հայկական կողմից: Day.az-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Գլոբալիզացիայի և հասարակական շարժումների ինստիտուտի տնօրեն, ռուսաստանցի քաղաքագետ Բորիս Կագարլիցկին:

Նրա խոսքով՝ եթե Հայաստանը ցանկանում է որևէ օգուտ քաղել հակամարտության կարգավորումից, ապա «ինչ-որ բան, միևնույն է, պետք է զոհել»:

«Այս պահին զիջումների պետք չէ գնալ: Եվ ստացվում է, որ Հայաստանի ղեկավարությունը հակված է ձգձգել կարգավորման գործընթացը՝ հուսալով, որ հետագայում տեսականորեն նրանք մանևրերլու նոր հնարավորություններ կստանան», – հայտարարել է Կագարլիցկին:

Քաղաքագետը կարծիք է հայտնել, որ հայկական սցենարը կայանում է կարգավորումն անվերջ ձգձգելու մեջ:

«Ինչ է նշանակում 20-30 տարի: Այսօր իշխանության ղեկին գտնվող մարդկանց տեսանկյունից դա, փաստորեն, անվերջություն է: Եվ նրանք մտածում են՝ եկեք այդ խնդիրը ձգենք՝  հույս ունենալով, որ ռազմական լուծում այն չի ունենա:

Հայաստանում հույս ունեն, որ եթե Բաքուն ռազմական ճանապարհով փորձի լուծել հակամարտությունը, ապա միջազգային հանրությունը դեմ կլինի և թույլ չի տա դա անել: Եթե Ադրբեջանն առաջինը սկսի ռազմական գործողությունները, ապա աշխարհում նա կարող է որպես ագրեսոր ընկալվել: Այդ իսկ պատճառով Հայաստանում մտածում են՝ երեք թողնենք ամեն ինչ այնպես, ինչպես կա, իսկ քաղաքական գործիչների հաջորդ սերունդն ինքը կորոշի` ինչ ելք գտնել: Հենց սրանում է, իմ կարծիքով, կայանում Հայաստանի դիրքորոշումը», – ասել է փորձագետը:

Կագարլիցկին չի բացառել խնդրի ռազմական լուծման ճանապարհը՝ նշելով, սակայն, որ դա Բաքվի համար լավագույն տարբերակը չէ, քանի որ Հայաստանն իրեն կներկայացնի որպես ագրեսիայի զոհ:

«Երկրորդը՝ ուժերի տնտեսական և դիվանագիտական հարաբերկացությունը փոխվում է ի օգուտ Ադրբեջանի: Հարցը նրանում է, թե կկարողանա արդյոք Բաքուն Երևանին ստիպել խաղաղ բանակցություններ վարել: Առայժմ պարզ չէ, թե ինչպես դա անել», – հայտարարել է Կագարլիցկին:

Ինչ վերաբերում է դեպքերի հնարավոր զարգացմանը, ապա, քաղաքագետի կարծիքով, իրավիճակը կշարունակի փակուղային մնալ մոտակա 30 տարիների ընթացքում, «ինչպես դա, հնարավոր է, կցանկանային Երևանում, թեկուզ այն պատճառով, որ Հայաստանում քաղաքական սերնդափոխությունից հետո Ղարաբաղի հարցն այլ կերպ կընկալվի»:

«Հայկական պետության համար նախնական փուլում ղարաբաղյան հակամարտությունը ազգային կոնսոլիդացիայի չափազանց կարևոր գործոն էր: Ըստ էության, հայկական պետությունը որոշակի չափով հենց դրա վրա էլ կառուցվում էր: Սակայն եթե իրենք իրենց համար արդեն լուծել են պետության հարցը, ապա չեմ կարծում, թե 10 տարի անց Ղարաբաղը նույնքան կարևոր կլինի Հայաստանի համար: Եվ գաղափարական առումով ևս, կարծում եմ, Ղարաբաղի դերը կսկսի նվազել», – եզրափակել է Կագարլիցկին:

Tekali Taxi