Գլխավոր / Հայաստան / Ղազարյանն ու Մկրտչյանը հաջող հանդիպում անցկացրեցին «Կուբանի» կազմում

Ղազարյանն ու Մկրտչյանը հաջող հանդիպում անցկացրեցին «Կուբանի» կազմում

Այսօր Ռուսաստանի պրեմիեր-լիգայում հանդես եկող «Կուբանը» թուրքական Բելեկում անցնող ուսումնամարզական հավաքի ընթացքում իր երկրորդ ընկերական հանդիպումն անացկացրեց՝ այս անգամ ղազախստանյան «Լոկոմոտիվի» հետ: Հիշեցնենք, որ «Կուբանում» փորձաշրջան են անցնում Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստներ՝ Գևորգ Ղազարյանը և Կառլեն Մկրտչյանը:

Այսօրվա խաղում Ղազարյանը խաղադաշտ մտավ առաջին իսկ րոպեներից և մեկնարկային խաղակեսի ընթացքում նա բավական ակտիվ էր: Առաջին կեսից հետո Կրասնոդարը ներկայացնող ակումբը հաղթում էր 1:0 հաշվով՝ շնորհիվ Շախովի գոլի, իսկ երկրորդ խաղակեսում «Կուբանի» մարզիչ Դան Պետրեսկուն ամբողջովին փոխեց կազմը, և խաղադաշտ դուրս եկավ նաև Կառլեն Մկրտչյանը: Նշենք, որ երկրորդ կեսին Պետրեսկուն ստիպված էր չնախատեսված փոփոխություն կատարել՝ վնասվածք ստացած Բուկուրին 62-րդ րոպեին փոխարինեց Ղազարյանը: Գևորգը շարունակեց ակտիվություն դրսևորել, իսկ երկրորդ գոլը կայացավ Կառլեն Մկրտչյանի մասնակցությամբ, ով խլեց գնդակը դաշտի կենտրոնում, որից հետո զարգացավ «Կուբանի» գրոհն ու ավարտվեց Նիկոլայ Ժիլյաևի դիպուկ հարվածով:

Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 2:0: Խաղից հետո «Կուբանի» մամուլի ծառայությունը զրուցել է Գևորգ Ղազարյանի հետ, ով նշել է, որ երկրորդ խաղում ինքն իրեն ավելի լավ էր զգում:

«Յուրաքանչյուր մարզումից, խաղից հետո խաղային կապերն ավելի ամուր են դառնում: «Կուբանում» ինձ շատ լավ եմ զգում, ինչը, բնական է, ազդում է խաղի վրա», – հայտարարել է Ղազարյանը:

Tekali Taxi