Գլխավոր / Հայաստան / Համմարբերգը Աղվան Հովսեփյանից օբյեկտիվություն է ակնկալում մարտի 1-ի գործում

Համմարբերգը Աղվան Հովսեփյանից օբյեկտիվություն է ակնկալում մարտի 1-ի գործում

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ  արվեց Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի և 10 անձանց մահվան  կապակցությամբ հարուցված քրեական գործի  նախաքննության արդյունքներին, հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը:

Աղվան Հովսեփյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին մանրամասն ներկայացրեց մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ 10 անձանց մահվան դեպքերի բացահայտման ուղղությամբ նախաքննական մարմնի կատարած աշխատանքները:

Ըստ դատախազի` թե մարդու իրավունքների հանձնակատարի երաշխավորած մասնագետի, թե ՌԴ ուղարկված փորձաքննության եզրակացություններով պարզվել է, որ «Չերյոմուխա-7» գազային նռնակի կրակված փամփուշտի նույնականացում տեխնիկապես,  փորձաքննությունների գործող մեթոդոլոգիան հնարավորություն չի տալիս:

Գլխավոր դատախազը պարոն Համմարբերգին ներկայացրեց նաև ոստիկանության զորքերի մատյաններում հաշվառված զենքերի փորձաքննության ուղղությամբ կատարված աշխատանքները, որ հետազոտվել և  փորձաքննության են ուղարկվել ոչ միայն մատյաններում հաշվառված, այլ նաև՝ պահեստներում գտնվող բոլոր զենքերը:

Ըստ փորձաքննության արդյունքների՝ ոստիկանության զենքերի հաշվեկշռում չկան  զենքեր, որոցից  արձակվել են այդ գնդակները: Հովսեփյանը նաև նշեց, որ մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ մահացած անձանց մարմիններից հայտնաբերված գնդակները պահպանվում են, և ցանկացած ժամանակ, եթե որևէ փորձագետ ցանկություն ունենա կրկնակի փորձաքննություն անցկացնելու, ապա սիրահոժար կտրամադրվեն դրանք:

Գլխավոր դատախազը նշեց նաև, որ նախաքննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունն ու լրիվությունն ապահովելու, մահվան և մարմնական վնասվածքներ ստանալու, կասկածյալի և մեղադրյալի ինչպես մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ արդարացնող, նրանց պատասխանատվությունը ծանրացնող և մեղմացնող հանգամանքները պարզելու նպատակով ցուցում է տրվել  նախաքննությունն իրականացնող քննչական խմբի ղեկավարին` հատուկ քննության առարկա դարձնել նաև ոստիկանության գործողությունների օրինականության հարցը և իրավական գնահատական տալ  ինչպես ընդհանրապես ոստիկանության, այնպես էլ առանձին ոստիկանների գործողությունների օրինականությանը:

Գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ պաշտոնեական լիազորություններն անցնելու  համար դատի են տրվել 4 ոստիկաններ:

Համմարբերգը հույս հայտնեց, որ կարվի բավարար աշխատանք՝ մարտի 1-ի 10 մահվան դեպքերի հնարավորինս բացահայտելու վերաբերյալ:

Հովսեփյանը, հանդիպման ավարտին շնորհակալություն հայտնելով պարոն Թ. Համմարբերգին, նշեց, որ 2008թ. մարտի 1-2-ին 10 մահվան դեպքերի  բացահայտման ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ են կատարվել, և նախաքննությունը շարունակվում է:

Tekali Taxi