Գլխավոր / Հայաստան / Խելացի հայերն ու վրացիները. Սարգսյանը՝ Սահակաշվիլիի և Մաքս Պլանկի մասին

Խելացի հայերն ու վրացիները. Սարգսյանը՝ Սահակաշվիլիի և Մաքս Պլանկի մասին

Այսօր աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, նախագահներ Սերժ Սարգսյանը և Միխեիլ Սահակաշվիլին այցելել են «Սինոփսիս Արմենիա» ընկերության Երևանի գիտաարտադրական կենտրոն, որտեղ մասնակցել են հայ-վրացական առաջին աշակերտական առարկայական օլիմպիադայի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների մրցանակաբաշխությանը:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Միխեիլ Սահակաշվիլին շնորհավորել են օլիմպիադայի բոլոր մասնակիցներին և հաղթողներին, մաղթել` հաջողություններ: Նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է.

«Նախ շնորհակալ եմ, որ մասնակցեցիք այս օլիմպիադային: Իհարկե, շնորհավորում եմ հաղթողներին, բայց ինչպես օլիմպիական կարգախոսն է ասում` կարևորը մասնակցությունն է:

Հայ-վրացական բարեկամությունը մենք չենք սկսել և բնական է` մեզնով չի ավարտվելու: Բայց մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է նոր շունչ հաղորդել, իր մասնակցությունը բերել, որպեսզի կարողանանք այդ թանկ ժառանգությունը փոխանցել մեր զավակներին:

Բայց ի՞նչ հայ-վրացական բարեկամություն առանց մրցակցության: Այս կատակի մեջ խորը իմաստ կա: Եվ այս իմաստը, ըստ իս, կայանում է նրանում, որ մենք հազարամյակներ ապրելով կողք-կողքի` երբեք իրար դեմ զենք չենք հանել: Մենք մրցել ենք գրականությամբ, մենք վիճել ենք, թե ում թատրոնն է ավելի հինը, ավելի լավը, ո՞վ է ավելի լավ ֆուտբոլ կամ շախմատ խաղում: Սա է եղել մեր մրցակցության հիմքը և սա շատ լավ պատգամ է, որպեսզի մենք կարողանանք փոխանցել մեր զավակներին:

Սիրելի´ դպրոցականներ, առաջին հերթին ձեզ է վերաբերում, ես վստահ եմ, որ այս պատգամները ձեզ մոտ խորը արմատներ են ունենալու: Այսինքն`  մրցել գիտելիքով, ստեղծագործությամբ, մրցել արդար պայքարում և հաղթողին շնորհավորել ու այդ պարագաներում համարել, որ երկուսս էլ հաղթել ենք:
Ասում են, թե Մաքս Պլանկն ուսանող ժամանակ գնացել է իր զառամյալ պրոֆեսորի մոտ և ասել, որ ցանկանում է իր կյանքն ամբողջովին նվիրել տեսական ֆիզիկային: Եվ ասում են, որ այդ պրոֆեսորն ասել է. «Երիտասա´րդ, տեսական ֆիզիկայում ամեն ինչ համարյա թե ավարտված է: Եվ արժե, արդյո՞ք, որպեսզի դու քո ամբողջ կյանքը նվիրես մի այդպիսի անհեռանկար գործի: Բայց ինչպես շատ-շատերդ գիտեք, Մաքս Պլանկը դարձավ քվանտային տեսության հեղինակը, ստացավ Նոբելյան մրցանակ, այսինքն հասավ իր նպատակին: Միգուցե, մի քիչ ավելի հեռու գնացի: Ես ուզում եմ բերել Վրաստանի նախագահի օրինակը. ընդամենը 28 տարեկանում նա դարձավ գիտությունների դոկտոր, նոր էր բոլորել 36 տարին, երբ դարձավ Վրաստանի նախագահ: Այս օրինակները գալիս են ապացուցելու, որ եթե մարդ իր առջև նպատակ է դնում և իրեն ամբողջովին նվիրում է այդ նպատակին, ապա հաջողությունը երաշխավորված է: Եւ ես վստահ եմ, որ դուք ձեր առջև մեծ նպատակներ եք դնելու և կարողանալու եք հասնել այդ նպատակներին: Ես ձեզ հորդորում եմ այդ նպատակների մեջ մի փոքր տեղ էլ հատկացնել հայ-վրացական բարեկամությանը, որովհետև, իրոք, այս տարածաշրջանում մենք ամենամոտ բարեկամներն ենք և պետք է այդ բարեկամությունը փայփայենք, գուրգուրենք, փոխանցենք մեր զավակներին, և այդ բարեկամությունից մեր ժողովուրդները պետք է օգուտ քաղեն»:

Նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ևս իր ողջույնի խոսքում գոհունակությամբ է խոսել օլիմպիադայի անցկացման գաղափարի իրականացման և դրա արդյունքների մասին, նշելով, որ երկրորդ օլիմպիադան անցկացվելու է Վրաստանում:

«Ես ուզում եմ ասել, որ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի մեր երկու երկրներն ավելի մոտենան, և մեր հարաբերություններն ավելի ամուր դառնան: Ուզում եմ այստեղ հայտարարել, որ ապագայում մենք նախատեսում ենք Նախագահի կրթաթոշակ տրամադրել Հայաստանի ուսանողներին, ովքեր կարող են ուսումը շարունակել Վրաստանի բուհերում: Ես համոզված եմ, որ տարածաշրջանի այս երկու երկրներն անպայման միշտ կողք-կողքի կլինեն, և ձեռք-ձեռքի բռնած կմտածենք մեր ապագայի մասին, որովհետև մեր ապագան պայմանավորված է հենց մեր երկու ժողովուրդների բարեկամությամբ:

Ես մեծ հաճույքով պետք է խոսեմ Հայաստանի Հանրապետության նախագահի` պարոն Սերժ Սարգսյանի մասին, որովհետև ես ընդունում եմ նրան որպես իմ մեծ բարեկամ, լավ գործընկեր, որպես եղբայր, որովհետև ես գիտեմ, որ բոլոր հարցերը մենք միմյանց հետ ենք որոշում: Հիշում եմ անցյալ անգամ, երբ ես այցելեցի Հայաստան, չեմ մոռանում պարոն Սարգսյանի աջակցությունը մեր երկրին: Պարոն նախագահի դիրքորոշումն ու նրա աջակցությունը ես չեմ կարող մոռանալ և չի կարող մոռանալ նաև վրաց ժողովուրդը:

Հայ և վրացի ժողովուրդները շատ խելացի ժողովուրդներ են, և այս դահլիճում մենք կրկին դրանում համոզվեցինք»,- ասել է նախագահ Սաակաշվիլին:

Tekali Taxi