Գլխավոր / Հայաստան / Պայթյուն Մոսկվայում. արաբին փոխարինելու եկավ «եվրոպական արտաքինով» մահապարտը

Պայթյուն Մոսկվայում. արաբին փոխարինելու եկավ «եվրոպական արտաքինով» մահապարտը

Հունվարի 24-ին մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունն իրականացվել է տղամարդու և ոչ թե կնոջ կողմից:

«Վկաների գերակշիռ մասը, ինչպես նաև տեսախցիկների գրանցած փաստերը թույլ են տալիս ենթադրել, որ ահաբեկչությունը տղամարդ է իրականացրել»,- «Ինտերֆաքս» գոծակալությանը հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը:

Ավելի վաղ վարկած կար, որ պայթյունն իրականացրել է կին մահապարտ ահաբեկիչը, ով պայթուցիկը տեղադրել է իր ուղեբեռում: Սակայն այս մասին վկայում է ընդամենը մեկ հոգի, նրա ցուցմունքները քննվում են: Վկայի խոսքով`ինքն անձամբ հեռու է գտնվել պայթյունի վայրից և տեսել է մի կնոջ` սև հագուստով: Նրա հագուստը իբր փարանջա է հիշեցրել: Վկան պնդում էր, որ հենց այդ կնոջ ձեռքի ուղեբեռում է գործի դրվել պայթուցիկը:

Այս վարկածը հերքում են իրավապահ մարմինների մեկ այլ աղբյուրի նախնական տվյալները, համաձայն որի, պայթյունի վայրում հայտնաբերված մարմնի մնացորդներից կարելի է եզրակացնել, որ մահապարտը տղամարդ է եղել: Հայտնաբերվել էր արաբական դիմագծերով տղամարդու գլուխ, որը մոտավորապես 30-35 տարեկան էր:

Ցուցմունքների և ապացույցների անհամապատասխանությունը մեկ այլ բացատրություն կարող է ունենալ: Մասնավորապես, իրավապահ մարմիններում «Ռիա Նովոստիի» աղբյուրը հաղորդել է, որ պայթյունը, ամենայն հավանականությամբ նախատեսված չի եղել: Պայթուցիկը գործի է դրվել այն բանից հետո, երբ կինը բացել է պայուսակը: Իսկ նրա կողքին կանգնած տղամարդն իր համախոհն է եղել, որին էլ պատկանում է դեպքի վայրում գտնված գլուխը:

Չի բացառվում նաև այն, որ պայթուցիկը գործի է դրվել հեռակառավարվող սարքի օգնությամբ, սակայն այս տվյալները դեռևս նախնական են, և հստակեցված չեն: Հնարավոր է, որ ահաբեկիչները ցանկացել են թողնել պայթուցիկ սարքն ամբոխի մեջ և հեռանալ, սակայն այն ժամանակից շուտ է գործի դրվել: Նշվում  է նաև, որ երրորդ ահաբեկիչը սպասում էր իր համախոհներին օդանավակայանի մոտ գտնվող կանգառում:

Միաժամանակ հետաքննություն իրականացնող խմբի ներկայացուցիչը հերքել է երկու ահաբեկիչների մասին տեղեկությունները: «Հետաքննության նախնական վարկածը չի փոխվել`պայթյունն իրականցրել է մեկ մահապարտ տղամարդ`մոտ 30-40 տարեկան, ամրակազմ, ամենայն հավանականությամբ եվրոպական արտաքինով»,- հաղորդել է հետաքննիչը: «Մարմնի մնացորդները խիստ դեֆորմացված են, սակայն հատուկ փորձագիտական հետազոտության շնորհիվ հնարավոր է պարզել տղամարդու ինքնությունը»,- պարզաբանել է նա:

Tekali Taxi